Ի կատարումն ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենքի՝ վերջապես ԱՄՆ Գլխավոր գանձապետությունը հրապարակեց Ռուսաստանի այն քաղաքացիների անունները, որոնց նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ։ Ամիսներ շարունակ, այսպես կոչված, «կրեմլյան ցուցակը» հանդիսանում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմնական ինտրիգը։ Շարունակ լուրեր էին հասնում, թե Կապիտոլյան բլուրի շուրջ պտտվում են ռուս օլիգարխները եւ նրանց լոբբիստները՝ փորձելով իրենց անունները հանել ցուցակից։ Ցուցակի կազմմանը մասնակցող ամերիկյան նախկին պաշտոնյաներն ու ռուս ընդդիմադիրները հարցազրույցներ էին տալիս՝ մեկնաբանելով ցուցակներում ընդգրկելու եւ չընդգրկելու սկզբունքները, սակայն խուսափում էին անուններ հնչեցնելուց։

Ի վերջո ցուցակները հրապարակվեցին։ Այնտեղ ընդգրկված են 210 ռուս պաշտոնյա եւ օլիգարխ։ Ընդգրկման սկզբունքը ամենապարզն է․ այնտեղ է Ռուսաստանի ողջ կառավարությունը, նախագահի աշխատակազմի քիչ թե շատ աչքի ընկնող դեմքերը, ինչպես նաեւ 1 մլրդ դոլարից ավել կարողություն ունեցող բոլոր օլիգարխները։ Ոչ մի լուրջ զտում, ոչ մի լուրջ քննարկում։

Մյուս անսպասելի քայլն այն էր, որ Սպիտակ տունը պարզապես հրապարակեց ցուցակներ եւ չհայտարարեց պատժամիջոցներ։ Սրանով ցուցակը մի կողմից դարձավ անիմաստ, մյուս կողմից տարածվեցին խոսակցություններ, թե պատժամիջոցները հետո կարող են հայտարարվել եւ դրանով ավելի խորացավ ինտրիգը։

Հիմնական խնդիրն այն է, որ ցուցակից ոչ թե հանվել են անուններ, այլ այնքան շատ են լցվել, որ ռուս պաշտոնյանն այն հեգնանքով անվանում արտագրված Կրեմլի հեռախոսագրքից։ Գործել է dedendum ad absurdum սկզբունքը, ամեն ինչ հասցված է անհեթեթության, այնքան շատ են անունները, այնքան բազմազան ու այնքան անկապ, որ այս անտառում ծառերը չեն երեւում։

Իսկ կրեմլյան ցուցակներին սպասող մեկնաբանները դեռեւս շոկի մեջ են, եւ փորձում են քիչ թե շատ տրամաբանական բացատրություններ գտնել շատ կոշտ մեթոդներով սարքած այս երեւույթի համար։ Արդեն կան մեկնաբանություններ, թե սա նշանակում է, որ ռուսական ողջ կառավարությունը հանցագործ է համարվում, մեկնաբանում են նաեւ, որ հիմա Ռուսաստանում արդար աշխատանքով չես կարող միլիարդատեր դառնալ, եւ այդ պատճառով էլ «Ֆորբսի» ողջ ցուցակը ներկայացվել է որպես երկիրը թալանողներ։ Կա նաեւ մեկնաբանություն, թե Թրամփի վարչակարգը փորձում է նոր աղմկոտ սկանդալ ստեղծել՝ դրանով շեղելով ուշադրությունը հատուկ դատախազ Մյուլլերի կողմից տարվող ամերիկյան ընտրություններում ռուսական ներգրավվածության քննությունից, մանավանդ որ արդեն Մյուլլերը սկսում է հարցաքննել ամենաբարձր պաշտոնյաների։ Ասում են նաեւ, որ գոյություն ունի գաղտնի ցուցակ, որն էլ հենց իրական աշխատանքային փաստաթուղթն է։

Արդեն փորձեր կան մեկնաբանելու, թե ինչու երկար սպասված ցուցակը կազմվեց հենց այս ձեւով, եւ արդեն տրվում է մշտական հարցը. «Ո՞վ է մեղավորը»։ Կրեմլինագետ, Ատլանտիկ խորհուրդը ներկայացնող Անդերս Օսլունդը, ով մասնակցել է ցուցակների կազմմանը, ասում է, թե ցուցակները վերջին պահին ինչ-որ մեկը փոխել է։ Պրոֆեսորը պնդում է, որ իրենք գանձապետարան են ներկայացրել բոլորովին այլ ցուցակներ, իսկ հրապարակվել են այլ մարդկանց անուններ։ Լրագրողներն ասում են, թե Վաշինգտոն թռչող ինքնաթիռում հունվարի վերջին պատահաբար տեսել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինին, իսկ նա ընդգրկված էր նախկին պատժամիջոցներում եւ նրա մուտքը ԱՄՆ արգելված էր։ Որոշ մեկնաբաններ ցուցակներում փոփոխությունները կապում են նրա հետ, իսկ դեմոկրատ սենատորներն արդեն այս հարցով պարզաբանումներ են պահանջել Սպիտակ տնից։ Այլ մեկնաբաններ այստեղ տեսնում են քաղաքական պատճառներ, մյուսները կարեւորում են ռուսական լոբբիի դերը։

Սրանք միայն մեկնաբանություններ են, բայց իրականությունն այն է, որ վերջին ամիսներին քննարկվող ամենակարեւոր ինտրիգն իրականում վերածվեց ֆարսի։ Հիմա այս փաստաթղթերը չեն կարող ծառայել անհատական պատժամիջոցներ մտցնելու համար, որովհետեւ այն նշանակում են թացն էլ չորի հետ վառել, որից, ինչպես հայտնի է, կրակ ու տաքություն չի առաջանում, այլ՝ միայն ծուխ։ Պատժամիջոցները կնշանակեն Ռուսաստանի ողջ կառավարության, նախագահի աշխատակազմի եւ ամբողջ բիզնես էլիտայի հետ հարաբերությունների դադարեցում, այսինքն, ըստ էության, սառը պատերազմի հայտարարություն, ինչը ներկա փուլում չի բխում ո՛չ քաղաքականության, ո՛չ էլ բիզնեսի ու տնտեսության շահերից։ Միաժամանակ, չափազանց դժվար կլինի այս ցուցակից առանձնացնել կոնկրետ անձանց եւ նրանց հանդեպ սահմանել առանձին պատժամիջոցներ, քանի որ այն կնշանակի երկար քաղաքական եւ օրենսդրական աշխատանք։

Անկախ նրանից, թե ինչ գործոններով է պայմանավորված նման ցուցակների հրապարակումը՝ լինի այն քաղաքական, լոբբիստական, թե լրտեսական, ցուցակների հենց այսպիսի կազմը Ռուսաստանի խոշոր տակտիկական հաղթանակն է։ Այն, ըստ էության, չեզոքացնում է Կոնգրեսի 3364 բանաձեւի իմաստը, որը հենց հանգեցվում էր անձանց ցուցակին, մինչդեռ այս բանաձեւը համարվում էր կոնգրեսականների կարեւորագույն քայլը Ռուսաստանի դեմ։ Նաեւ դժվար է ասել, թե հեռաժամկետ հեռանկարում այսպիսի ցուցակն ինչպիսի զարգացումներ կարող է ինդուկցել, բայց կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանն անկասկած հաղթել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել