հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Այնպես կուզենայի վերադառնալ մանկություն… Այնտեղ ամեն ինչ այնքան անհոգ էր, կախարդական… Սիրտս բաբախում էր լոկ մորս կրծքին հենված, որը կարծես տաքուկ մի ամրոց լիներ իմ մրսած մարմնի համար… Իսկ այդ ամրոցի խորքում ամուր թաքնված բարի ու ներողամիտ սիրտը ժամացույցի սլաքների հանդարտությամբ ու միաչափ բաբախում էր` անջատելով իմ՝ ոչինչ չմտածող, սակայն հոգնած ուղեղը… Մորս ամուր ձեռքերը կարծես ամրոցի պատերը լինեին, որոնց գրկում ես ինձ ապահով էի զգում, պաշտպանված ամեն մի չարիքից, վտանգից... Իսկ մորս հոգսաշատ աչքերը կարծես ամրոցի հսկիչներն էին` զօր ու գիշեր աչալուրջ, որպեսզի իր ափերի ներսում պատսպարված մանկան անուշ նիրհը ոչ ոքի չհաջողվի խանգարել… 
Այնպես եմ ուզում վերադառնալ այդ երիտասարդ ամրոցը, որը գտնվում էր հեքիաթային մանկության խորքում… Որտեղ յուրաքանչյուր քայլս թեկուզ երերուն, սակայն ինքնավստահ էր, անվախ, քանզի քայլում էի մորս քայլերի հետ համաչափ` նրա փափուկ ձեռքը բռնած… Այնտեղ կյանքն անհոգ էր… Նույնիսկ ցուրտը տաք էր մորս գրկում, նույնիսկ մութը լույս էր, չարը` բարի, սևը` անաղարտ ճերմակի մեջ ամփոփված… 
Այնպես կուզեի վերադառնալ այնտեղ գեթ մի պահ` ինքնավստահ զգալու համար միայն, պաշտպանված լինելու համար միայն, ուղղակի մեղավոր աչքերով մորս ժպտուն աչքերի մեջ նայելու համար միայն, լիաթոք ու բարձր ծիծաղելու համար միայն… Այնպես կուզեի ուղղակի ժպտալ կրկին` մանկության գրկում անմեղ հայացքով կանգնած` նայելով ապագայի հորիզոնին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել