Եթե Դուք թեյի մոլի երկրպագու և սիրահար եք ու ունեք ավելորդ 10,000 ԱՄՆ դոլար, ապա Ձեզ անհրաժեշտ է անպայման այցելել թեյի հայրենիք՝ Չինաստան, ավելի կոնկրետ՝ քաղաք Ուիշան, որը գտնվում է երկրի հարավում: Այստեղ կկարողանաք համտեսել Դա Հուն Պաո անվանմամբ հայտնի թեյը:

Դա Հուն Պաոն չինական «օլոնգ» թեյի տեսակ է, որը կարծես միջանկյալ տեղ է գրավում կարմիր և կանաչ թեյերի միջև: Թեյը պատրաստելիս վարպետները պարտավոր են հետևել չափազանց խիստ կանոնների: Պատրաստման յուրաքանչյուր փուլ՝ թեյի թերթիկների հագեցումը թթվածնով, ավելորդ խոնավությունից ազատումը, ֆերմենտացիան, բովումը, չորացումը, պետք է կատարվեն նախատեսված հստակ ժամանակահատվածում: Ստացված թեյը շատ անուշ բույր, թեթև ծխեցված ու նուրբ համային երանգ:

Սակայն Դա Հուն Պաոն հայտնի է ոչ թե իր առատ ու գեղեցիկ համով, այլ մեկ թեյնիկի համար նախատեսված բարձր գնով, որը կազմում է 10,000 դոլար: Եթե հաշվի առնենք, թե մեկ թեյնիկով պատրաստելու համար որքան չորացրած թեյ է անհրաժեշտ, ապա կարելի է ասել, որ այս թեյի 1 գրամն արժե մոտ 1,400 դոլար:

Իսկ ո՞րն է պատճառը, որ Դա Հուն Պաոն այսքան թանկարժեք է: Իհարկե, դրա քիչ քանակը: Ներկա պահին «օլոնգ» թեյի բազմաթիվ տեսակներ են հայտնի, սակայն դրանցից ամենաթարկարժեքները նրանք են, որոնք հավաքվում են այն ծառերից, որոնք արմատներով նման են այն ծառերին, որոնցից ի սկզբանե առաջացել է թեյի տվյալ տեսակը: Մեր օրերում պրակտիկորեն արդեն ոչնչացած «մայր ծառերից» մնացել է միայն մեկ տեսակ, որն աճում է Ուիշան լեռնաշղթայից ոչ շատ հեռու: Հենց դրանցից էլ հավաքվում են Դա Հուն Պաո թեյի տերևները: Ի դեպ՝ ըմպելիքի գինը ապագայում էլ ավելի կբարձրանա, քանի որ ծառերն այնքան ծեր են արդեն, որ ամեն տարի ավելի ու ավելի քիչ տերևներ են տալիս:

Կար ժամանակ, երբ չինական մաֆիան ցանկանում էր իր վերահսկողության տակ առնել թեյի թերթիկների «բիզնեսն» ու ուղղակիորեն իրար հետ կապել գնորդներին ու վաճառողներին՝ իրենց վերցնելով վաճառքից ստացված գումարի որոշակի տոկոսներ: Սակայն ժամանակի ընթացքում կառավարությանը հաջողվեց իր հսկողության տակ վերցնել ու օրինականացնել այս թեյի արտադրությունը:

«Իսկ ինչու՞ այս թեյի ծառերը չեն բազմացնում. չէ՞ որ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով դա հեշտությամբ կարելի է անել», - ամենայն հավանականությամբ կմտածեք Դուք: Իհարկե, այս ծառերը ևս կլոնավորում են, սակայն թեյի իրական գնահատողները կարծում են, որ այդպիսի ծառերի տերևներից թեյ պատրաստելիս այն նախկին համը, հոտն ու նրբությունը չի ունենում: Սակայն «կլոնավորված» Դա Հուն Պաոն այսօր կարող է գնել յուրաքանչյուր ցանկացող՝ վճարելով կիլոգրամի դիմաց միայն 100 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել