Tert.amLife-ը գրում է.
«Վիտամինցիների» թիմի 2 նախագծերը` «Լավ երեկոն» և «Կասկածելի երեկոն», հայկական հեռուստաեթերի ամենապահանջված ժամանցային նախագծերից են։ Գարիկը զբաղված է այս երկու նախագծերում` առաջինում լսարանին ներկայանում է Արամ MP3–ի, երկրորդում` Ռոբի` Ռոբերտ Մարտիրոսյանի հետ։ Շուտով կսկսվեն հեռուստաընկերությունների նոր եթերաշրջանները։ Հեռուստադիտողները «Լավ երեկոն» դիտելու հնարավորություն կունենան, «Կասկածելի երեկոն»` ոչ։ Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկը պատմել է առաջիկա անելիքների և «Կասկածելի երեկոն» փակելու որոշման մասին։
 
Գարիկը հայտնեց, որ «Լավ երեկոն» նոր եթերաշրջան միանշանակ ունենալու է։ Առաջին եթերաշրջանը մեծ արձագանքներ ստացավ և նույնիսկ գերազանցեց սպասելիքները։ Ստեղծագործական խմբի առջև դժվարին խնդիր կա. երկրորդ եթերաշրջանը չպետք է զիջի առաջինին։
 
«Միանշանակ նոր եթերաշրջանում լինելու են նորություններ, սակայն դա չի լինելու այլ հաղորդում։ Հեռուստադիտողը պետք է զգա, որ մենք ոչ միայն գնացել ենք արձակուրդ ու անջատվել, այլև հանգստացել ու մտածել ենք նոր բաներ։ Մենք ամբողջ էներգիայով, հավեսով ու էնտուզիազմով մտածում ենք` ինչ անել։ Մենք էլ ենք սպասում, թե ինչ ենք անելու նոր եթերաշրջանում»,– ասաց Գարիկը։
 
 
Հումորիստը նշեց, որ այժմ լիովին ընդգրկվել է հաղորդման սցենարական կազմում, քանի որ այդպես ավելի հեշտ է աշխատել։ Սցենարիստների խմբում այժմ ընդգրկված են նա, Ռոբերտ Մարտիրոսյանն ու Վան Գրիգորյանը։ Գարիկը նկատեց, որ շատ հաճախ իրենց է միանում նաև Արամը։
 
«Մենք սովոր ենք ելույթ ունենալ մեր սցենարով։ Այս անգամ էլ հասկացանք, որ եթե սցենարը մենք չենք գրում, մեզ համար խորթ է լինում այն, ինչ անում ենք։ Եթե նախորդ եթերաշրջանի հետ կապված ինչ–որ դիտողություններ ունեմ, ունեմ նաև ինքս իմ հանդեպ։ «Լավ երեկոն» շատ շտապելով ու միանգամից մտավ եթեր։ Մենք չհասցրեցինք անել այն ամենը, ինչ պատկերացնում էինք, սակայն մեր մտածածի 90 տոկոսը հասցրել ենք անել»,– ասաց Գարիկը։
 
Հաղորդման լրագրող Արուսիկ Տիգրանյանը միանգամից ինտեգրվեց թիմին ու սիրվեց լսարանի կողմից։ Գարիկը նրան համարում է իրենց ձեռքբերումներից։ «Արուսիկը կարճ ժամանակում դարձավ ոչ թե նախագծի աշխատող, այլ թիմի լիարժեք անդամ։ Դա իր աշխատասիրության ու տեսակի շնորհիվ էր։ Նա անկրկնելի տեսակ ունի` որպես աղջիկ հումորիստ։ 10 տարուց ավելի է մենք անընդհատ քասթինգների միջոցով փնտրել ենք այս տեսակի մարդ, սակայն Զառայից հետո չենք կարողացել համալրել մեր շարքերը իմպրովիզ հումոր ունեցող աղջկանով»,– նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել