Ովքեր գեթ մեկ անգամ Իրանից կամ Թուրքիայից մտել են Հայաստան առաջին բանը, որը աչքի է զարնում ճանապարհների վատ որակն է, երկրորդը՝ փոքր բնակավայրերի սակավամարդությունը։

Այո՛, Երևանը իր բնակչությամբ և ակտիվ շարժով Թեհրանից և Ստամբուլից հետո համեմատելի է նույնիսկ բնակչությամբ մեր մայրաքաղաքին գերազանցող Իրանի և Թուրքիայի ցանկացած երկրորդ կամ երրորդ քաղաքի հետ, իսկ ճարտարապետությամբ և հարմարավետությամբ գերազանցում է նույնիսկ առաջին երկուսին, բայց մեր հարևան այս երկրների աշխույժ և մարդաշատ փոքր բնակավայրերի նման ավանները մեզ համար ցայսօր, ցավոք, մնում են երազանք։

Չնայած դեռևս Ք․ ա․ 6-րդ դարից մեզ հասած հին պարսկերեն բևեռագիր արձանագրությունների Արմինա (Հայաստան) աշխարհագրական անվանումը հռչակավոր գերմանացի իրանագետ և հայագետ Ռյուդիգեր Շմիտը փորձում է հին իրանականից թարգմանել որպես «լքված բնակավայրերով տարածք», ենթադրելով, թե ուրարտական պետության քայքայման պատճառով Աքեմենյան արքաները Հայկական բարձրավանդակում միգուցե հանդիպել են լքված բնակավայրեր, բերդեր և տաճարներ, ինչի արդյունքում էլ մեր երկրին տվել են այդպիսի անուն, սակայն կտրականապես անընդունելի է, երբ հենց մեզանում անիմաստ և անհիմն պնդում են, թե «լքված Հայաստանը» իբր ճակատագիր է:

Իրականում ոչ մի ճակատագիր էլ չէ։ Եվ ընդհանրապես նման ֆատալիզմը հավասարազոր է պարտության և հանձնվելու կոչի։ Այո՛, Հայաստանում փոքր բնակավայրերը մարդաշատ չեն, այո՛, մենք ունենք արտագաղթի լրջագույն խնդիր, բայց հանձնվելը և իբր ճակատագրին ապավինելը ոչինչ չեն փոխելու, այլ ընդամենը ավելի են վատթարացնելու իրավիճակը։

Չորս միլիոնանոց Հայաստանի ծրագիր-երազանքը պահանջում է աշխատանք և միայն աշխատանք՝ առանց անիմաստ ֆատալիզմի աշխատանք, և պատկերավոր ասած, ապագա արքաները Հայաստանը կկոչեն «շեն բնակավայրերի երկիր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել