Վիրավորական բառեր մենք կարող ենք լսել ամեն օր և հաճախ այն ժամանակ, երբ մենք ամենաքիչն ենք դրան պատրաստ: Ասենք, ճանապարհին, խցանման մեջ կամ հերթ կանգնելիս, երբ այլևս համբերությունը սպառվում է, աշխատավայրում և անգամ՝ տոնական սեղանի շուրջ: Համարվում է, որ ընտանիքում մենք հուսալիորեն պաշտպանված ենք ողջ աշխարհից, սակայն իրականում բարեկամներն ու հարազատները երբեմն իրար այնպիսի բառեր կարող են ասել, որոնք չեն ասի օտար մարդկանց, և հատկանշականն այն է, որ դրանք սովորաբար ուղեկցվում են  «դու գիտես, որ ես սա քեզ ասում եմ, որովհետև շատ եմ սիրում» անբեկանելի պնդմամբ: Հատկապես ուշագրավ են քողարկված վիրավորանքները, որոնք խնամքով թաքցվում են կառուցողական քննադատություն արտահայտության տակ, չնայած նրան, որ դրա հետ ոչ մի կապ չունեն: Այդ վիրավորանքները լավ ճանաչելի են ուղեկցվող արտահայտությունների միջոցով, այնպիսին, ինչպիսիք են՝ «հուսով եմ, ես կարող եմ քեզ հետ անկեղծ լինել» կամ «ես սա հենց ձեզ օգտակար լինելու համար եմ ասում» և նմանատիպ այլ բաներ: Ստացվում է, որ դուք դեռ մի բան էլ պետք է հիանաք, շնորհակալ լինեք, գնահատեք տվյալ մարդու հոգատարությունը ձեր նկատմամբ: Վիրավորանքներից պաշտպանվելով՝ դուք կարող եք հայտնվել հարվածների և հակահարվածների փակ շրջանի մեջ, սակայն, բարեբախտաբար, կան ձեզ վիրավորանք հասցնողի հարձակումները հետ մղելու տարբեր եղանակներ, որոնք կներկայացվեն ստորև: Հաջորդ անգամ՝ քննադատության թիրախ դառնալիս, օգտվեք այդ խորհուրդներից:

  1. Աշխատեք հասկանալ…

Ուրիշներին քննադատող մարդը ինքը հաճախ մինչև հոգու խորքը վիրավորված, նեղացած անձնավորություն է: Եթե դուք չեք կարողանում հասկանալ, թե ինչն է իրականում անհանգստացնում ձեզ վիրավորող մարդուն, ուղիղ հարցրեք նրան այդ մասին: Հիշեք, որ այդ վիրավորանքը ոչ միշտ կարող է ձեզ ուղղված լինել: Իրավիճակին կողքից նայեք ու փնտրեք պատճառը: Օրինակ, եթե մատուցողը կոպտում է ձեզ, դա չի նշանակում, որ դուք նրան դուր չեք եկել, միգուցե նախօրեին նա իր սիրելիից է բաժանվել, կամ մեքենան կտրում է ձեր առաջը, որովհետև վարորդը գուցե իր հիվանդ երեխայի մոտ է շտապում: Փորձելով հասկանալ նրանց, ում խոսքերը ձեզ խիստ վիրավորել են, դուք ավելի հեշտորեն կտանեք դա:

  1. Վերլուծեք ասված բառերը…

Իր «Բառային ինքնապաշտպանության նուրբ արվեստը» գրքում Սյուզետ Հեյդեն Էլջինն առաջարկում է առանձնացնել ձեզ վիրավորած բառերը, դրանք բաժանել մասերի և պատասխանել չբարձրաձայնված նկատողությանը՝ առանց զոհի կարգավիճակում ինքդ քեզ դնելու: Օրինակ, երբ դուք լսում եք «եթե դու ինձ սիրեիր, դու կնիհարեիր» արտահայտությունը, կարելի է պատասխանել այսպես. «Եվ վաղո՞ւց ես դու որոշել, որ ես քեզ չեմ սիրում»:

  1. Դեմքով շրջվիր դեպի քեզ վիրավորած անձը…

Վիրավորանքին դիմակայելը հեշտ բան չէ: Այս գործում օգնել կարող է ուղղամտությունը: Օրինակ, կարող եք ձեզ վիրավորողին ուղիղ հարցնել. «օրինակ քո ինչի՞ն էր պետք ինձ վիրավորել», կամ՝ «դու հասկանո՞ւմ ես, թե ինչպես կարող են ընկալվել նման բառերը»: Կարելի է նաև մարդուն խնդրել պարզաբանել նկատողության իմաստը՝ «Դուք ի՞նչ նկատի ունեք», «Ես ուզում եմ ստուգել, թե արդյոք ճի՞շտ եմ հասկացել ձեզ» նախադասություններով: Հենց որ ձեր քննադատը զգա, որ դուք պարզել եք նրա խաղը, նա ձեզ հանգիստ կթողնի: Չէ՞ որ միշտ էլ ամոթալի է, երբ բռնվում եք:

  1. Կատակի տվեք…

Մի անգամ իմ բարեկամուհին լսեց հետևյալը. «Վաաա՜յ, սա քո նոր կիսաշրջազգե՞ստն է. Ինձ թվում է, որ սրանով երեսպատում են աթոռները»: Բարեկամուհիս իրեն չկորցրեց և ասաց.

  • Դե ինչ, ուրեմն նստիր ծնկներիս վրա:

Իմ ծանոթի մայրը ողջ կյանքում հիվանդագին կերպով հետևում էր տան մաքրությանը: Մի անգամ նա իր աղջկա տանը սարդոստայն հայտնաբերեց ու բարկացած ասաց.

  • Սա ի՞նչ է:

Աղջիկն իրեն չկորցրեց ու պատասխանեց.

  • Հանգստացիր, մայրիկ, ես գիտափորձ եմ իրականացնում:

Հիշեք, ցանկացած վիրավորական քննադատության դեմ գոյություն ունի մի անհաղթելի զենք՝ ծիծաղը: Սրամիտ պատասխանը ձեզ կօգնի ցանկացած վիրավորանքի տակից պատվով դուրս գալ:

  1. Հորինեք պայմանական նշան…

Մի կին ինձ պատմեց, որ ամուսինն իրեն քննադատում էր մարդկանց մոտ: Այդ ժամանակ նա սկսեց իր հետ ամեն տեղ տանել փոքրիկ սրբիչ, և ամեն անգամ, երբ ամուսինը նրան ինչ-որ վիրավորական բան էր ասում, գլուխը ծածկում էր սրբիչով: Ամուսինն այնպես էր ամաչում, որ ազատվեց, ի վերջո, իր այդ վատ սովորությունից:

  1. Մի հակաճառեք…

Համաձայնեք ամեն ինչի հետ: Եթե ձեր կինն ասում է, որ իրեն թվում է, թե դուք մի 10 կգ գիրացել եք, ասեք նրան, որ ավելի ստույգ լինելու համար պետք է նշել, որ ոչ թե՝ 10, այլ՝ 12, եթե ոչ ավելի: Եվ եթե նա ավելացնի, թե ինչ պիտի անեք այդ դեպքում նիհարելու համար, պատասխանեք, որ հավանաբար՝ ոչինչ: Ուղղակի մի որոշ ժամանակ գեր կլինեք: Վիրավորական նկատողությունն ավելի ուժեղ է լինում, երբ դուք ինքներդ եք այն ավելի ուժեղ դարձնում: Համաձայն լինելով քննադատության հետ՝ դուք զինաթափում եք քննադատողին:

  1. Անտեսեք կսմիթը…

Լսեք նկատողությունը, ինքներդ ձեզ ասեք, որ դա ձեզ չէր վերաբերում, ու մոռացեք այդ մասին: Ներելու կարողությունը կարևորագույն ունակություններից է, որը մեզ օգնում է ապրել, և որը մենք կարող ենք զարգացնել մեր մեջ: Եթե դուք դեռ ամբողջությամբ պատրաստ չեք ներել, խոսողին հասկացնել տվեք, որ իր նկատողությունը լսել եք, բայց պատասխանել չեք պատրաստվում: Հաջորդ անգամ, երբ ձեր հասցեին կսմիթ կլսեք, ձև արեք, թե ձեր վերնաշապիկի վրա կետ կա, ու սկսեք ինտենսիվորեն տրորելով՝ իբր մաքրել այն: Երբ նա, ով ձեզ նեղացրել է, կհարցնի, թե ինչ եք անում, պատասխանեք, թե ձեզ թվաց, թե ձեզ վրա ինչ-որ բան ընկավ, բայց, բարեբախտաբար, դա այդպես չէ: Այդպես նա ավելի զգույշ կլինի: Կարող եք նաև ձևացնել, թե ձեր լսածը ձեզ բոլորովին էլ հետաքրքիր չէ: Աչքով արեք, հորանջեք և շրջվեք՝ հասկացնելով, որ դա ձեզ բոլորովին չի հետաքրքրում: Մարդիկ տանել չեն կարողանում, երբ իրենց ձանձրալի են համարում:

  1. Ավելացրեք ևս 10%…

Ձեզ երբեք չի հաջողվի ամբողջովին խուսափել այլոց կսմիթներն ու երկիմաստ ակնարկները լսելուց: Փորձեք դրանց մի մասն ընդունել՝ որպես գրգռված վիճակի բնական դրսևորում, որը կարող է պատահել բոլորի մոտ: Մեզնից շատերն աշխատում են չվիրավորել մարդկանց, բայց երբեմն բոլորս էլ կարող ենք սխալներ թույլ տալ: Այնպես որ, պաշտպանվեք, եթե համարում եք, որ դա անհրաժեշտ է, բայց մտածեք նաև 10 %-ի կանոնի մասին:

– 10 % դեպքերում պարզվում է, որ ձեր կողմից գնված իրն այլ տեղում ավելի էժան է:

– 10 % դեպքերում իրը, որը դուք տվել եք ինչ-որ մեկին փոխարինաբար, ձեզ հետ է վերադարձվում վնասված վիճակում:

– 10 % դեպքերում անգամ ձեր լավագույն ընկերն ինչ-որ բան կարող է ասել՝ առանց մտածելու, ու հետո զղջալ դրա համար:

Հնարավոր չէ անընդհատ վերահսկել իրավիճակը՝ ապացուցելով քո իրավացի լինելը: Փորձեք ներել և որպես արդյունք՝ կստանաք ավելի քիչ նեգատիվ, քան այդ չարաբաստիկ 10 %-ն է:

Աշխարհում շատ են այն մարդիկ, ովքեր ստորացնում են ուրիշներին, որպեսզի ինքնահաստատվեն: Մի ընդունեք վիրավորանքները, անգամ, եթե ձեզ վրա դրանք առատորեն են թափվում: Դրանց վրա ուշադրություն չդարձնելով՝ դուք կթոթափեք լարվածությունը, կամրապնդեք ձեր հարաբերությունները շրջապատի հետ և ձեր կյանքն ավելի հաճելի ու ուրախ կդարձնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել