Մեկ տարի դադարից հետո երգչուհի Սյուզի Մելիքյանը շուտով կներկայացնի իր նոր՝ «Պատրաստ եմ» տեսահոլովակը, որի մանրամասները պատմել է BlogNews.am-ին: «Ես հիմնականում անում եմ այնպիսի աշխատանքներ, որոնց միջոցով կկարողանամ ներկայացնել իրական էմոցիաներ: Ես երբեք բումային երգ ներկայացնելու վրա չեմ ֆիքսվում: Չեմ անում աշխատանք՝ շահույթի համար, քանի որ դա երբեք իրական էմոցիայի հետ չես փոխի»,- պատմում է երգչուհին։

Այն հարցին՝ ինչո՞ւ է նման խորհրդավոր վերնագիր ընտրել երգի համար և ինչի է պատրաստ, երգչուհին պատասխանեց. «Այս երգը սիրո մասին է, ինչպես և վերջին իմ երգերը: Աղջկա մասին է, ով պատրաստ է պայքարել հանուն իր սիրո՝ հաղթահարելով դժվարություններ, փորձություններ: Տեսահոլովակի հերոսուհին ես եմ, բայց կան մարդիկ, ովքեր դիմակներով են: Միգուցե նրանց միմիկաներն իրական կյանքում այլ են, բայց այսպես թաքցնում են իրենց էմոցիաները»։

Տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է, ում հետ առաջին անգամ է համագործակցում. «Արդյունքից շատ գոհ եմ, արդեն իսկ դիտել եմ մի քանի անգամ: Ես բավականին բծախնդիր եմ մոտենում իմ աշխատանքներին: Շատ ճիշտ էմոցիաների պոռթկում է։ Ամեն դեպքում այդ էմոցիաներն ինձ հասնում են, և կարծում եմ՝ հեռուստադիտողին և իմ հանդիսատեսին էլ կհուզեն»:

Երգչուհին տեսահոլովակում մի քանի կերպարներում է ներկայանում, որոնց միտքն իրենն է, մի կերպարն էլ դիզայներ Արևիկ Սիմոնյանն է մտածել. «Փորձել եմ նորովի ներկայանալ, այս տեսակով ինձ առաջին անգամ են տեսնելու»։

Սյուզին չի բացառում, որ այս տարի ստեղծագործական առումով ակտիվ է լինելու, սակայն, բնավորության համաձայն, նախընտրում է անել աշխատանքներ, նոր խոսել դրանց մասին:

 

 
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է երգչուհին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել