Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզի Թումանյան համայնքում երեկ ակտիվացած սողանքի խնդիրների լուծման վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության, նախարարությունն առաջարկել է տարհանել սողանքի ազդեցության գոտում ապրող բնակիչներին:

ԱԻՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ճշգրտվել է գնացքների չվացուցակը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մարդատար գնացքների անցնելուց 4 ժամ, իսկ բեռնատարներ գնացքների անցնելուց 1 ժամ առաջ տեղեկացնում է այդ մասին ՀՀ ԱԻՆ-ին», - նշում է նախարարությունը՝ շարունակելով. - «Սողանքային մարմնի հետագա ակտիվացումները կանխելու նպատակով իրականացվելու է ինժեներաերկրաբանական հետազոտություն, որի հիման վրա կնախապատրաստվեն առաջարկություններ սողանքի վտանգը և հետագայում հնարավոր վթարային իրավիճակները կանխելու առաջարկություններ: Նախնական միջոցառումների շրջանակում իրականացվելու են առաջացած ճեղքերի կավային ջրակայուն գրունտներով փակման աշխատանքներ, ինչը կբացառի մակերևութային ջրերի հետագա ներթափանցումը գրունտի մեջ: Քանի որ տեղանքի ռելիեֆը թույլ չի տալիս ստանալ մեծ կետայնության պանարամային լուսանկարներ՝ իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու նպատակով լուսանկարահանումները կիրականացվեն անօդաչու թռչող սարքերի (դրոններ) միջոցով»։

Նախարարությունը հիշեցնում է, որ Թումանյան համայնքում, օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:

Այսօրվա խորհրդակցությանը մասնակցել են Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենի տեղակալ Արամ Սահակյանը և ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել