Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում օրերս ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առանձնացրել է Սիրիայում Վաշինգթոնի հետապնդած 5 նպատակները, որոնք են՝
1. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամբողջական ջախջախումը:
2. Սիրիական հիմնախնդրի կարգավորումը ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Ժնևյան գործընթացի շրջանակներում:
3. Իրանի ազդեցության թուլացումը:
4. Փախստականների ինքնակամ վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
5. Զանգվածային ոչնչացման զենքից երկրի ազատումը:

Ըստ պետքարտուղարի՝ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի ազգային շահերից բխող վերոնշյալ նպատակներին հասնելու համար գործադրում է համապատասխան դիվանագիտական և ռազմական միջոցներ՝ Սիրիայի տարածքում ամերիկյան դիվանագիտական և ռազմական ներկայության ապահովումը հռչակելով որպես գերակա անհրաժեշտություն:

Դիտարկելով ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետի առանձնացրած նպատակները՝ կարելի է հավաստել, որ դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ լուրջ անելիք և տևական ժամանակ է անհրաժեշտ: Ընդ որում՝ համեմատական տեսանկյունից առավել առաջընթաց կա միայն առաջին և հինգերորդ ուղղություններում, իսկ մյուս երեքի մասով իրավիճակը փակուղային է: Ավելին՝ բուն Սիրիայի ներսում առկա իրողությունները, նաև հակամարտության այլ արտաքին դերակատարների ներգրավմամբ, որոնցից ամենաառարկայականն Աստանայի ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ գործընթացներն են, որևէ կերպ չեն բխում ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների շահերից:

Հետևաբար, նաև վերոնշյալը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ սիրիական հակամարտության շրջանակներում առաջիկայում սպասվում են նոր զարգացումներ, որոնք իրենց բնույթով կրելու են և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային, և ներսիրիական դիմակայության տարրեր, ընդ որում՝ մեծ հավանականությամբ դրսևորվելու են առավելապես ռազմական հարթության շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել