Tert.am-ը գրում է.

Առանց իմանալու, թե ով է ապագա վարչապետը, «Ծառուկյան» դաշինքը չի կարող ասել՝ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, թե՝ ոչ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով, երբ կոալիցիա ձևավորվի, դե յուրե կլինի ՀՀԿ-ի հետ կոալիցիա, բայց դե ֆակտո կոալիցիան լինելու է ապագա վարչապետի հետ: Ինչ վերաբերում է նրան, որ «Ծառուկյան» դաշինքը չի միանում «Ելք» դաշինքի նախաձեռնություններին՝ Բադալյան ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը չի ցանկանում իր ռեսուրսներն օգտագործել «Ելք» դաշինքի PR ակցիաների համար:

- Պարո՛ն Բադալյան, Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին հարցին, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց: Նման չեզոք պատասխան հնչեց նաև ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածուին սատարելու հետ կապված: Նման պատասխանները հուշո՞ւմ են, որ հող է պատրաստվում հետագայում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար:

- Զուտ տեսականորեն կարող եմ ասել, որ այս կամ այն ուժը, կլինի դա «Ծառուկյան» դաշինքը, թե մեկ այլ քաղաքական ուժ, միևնույն է, երբ չգիտի, թե ով է լինելու վարչապետը, ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացնելու, ինչ ներքին ու արտաքին քաղաքականություն է իրականացնելու, չի կարող պատասխան տալ՝ համաձայն է կոալիցիա կազմել, թե համաձայն չէ: Առանց այս ամենի իմացության՝ դա կստացվի ոչ թե կոալիցիա, այլ 1-2 պաշտոնի ստացում, իսկ արդյոք ԲՀԿ կարո՞ղ է իր ռեսուրսները փոխարինել ընդամենը 1-2 պաշտոնի հետ` առանց իմանալու, թե վարչապետը ով է լինելու և ինչ քաղաքականություն է իրականացնելու: Այդ իսկ պատճառով այս պահին նրանք շատ չեզոք պատասխաններ են տալիս:

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը կտրականապես չի մերժում իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելը:

- Խնդիրն այն է, որ երբ կոալիցիա ձևավորվի, դե յուրե կլինի ՀՀԿ-ի հետ կոալիցիա, բայց դե ֆակտո կոալիցիան լինելու է ապագա վարչապետի հետ, որովհետև ՀՀԿ-ն բազմաթիվ վարչապետեր է փոխել,  իր ուրույն դեմքը չունի,  այսինքն՝ ցանկացած վարչապետի ինչպես ուզեցել է ՀՀԿ-ն, այդ ուղղությամբ շուռ է տվել: Հիմա պատկերացրեք, որ գալիս է մի վարչապետ, որն ամբողջությամբ ընդունում է ԲՀԿ-ի ծրագրերը, բնականաբար, այդ դեպքում ԲՀԿ-ն նպատակահարմար կգտնի կոալիցիա կազմել այդ սկզբունքների հիման վրա: Կոալիցիան կազմում են սկզբունքների հիման վրա, քանի որ ամենակարևորը սկզբունքն է, իսկ հետո գալիս է, թե ինչ պաշտոն կարող ես ունենալ: Իսկ եթե գալիս է մի վարչապետ էլի ՀՀԿ-ից, որն ընդհանրապես մերժում է ԲՀԿ ծրագրային կետերը, որոնք իրենք նախընտրական կոմպանիայի ժամանակ էին առաջ քաշում, բնականաբար, նման  պայմաններում կոալիցիա ձևավորելը դառում է անիմաստ: Այդ իսկ պատճառով բոլոր հացերը կարող են քննարկվել վարչապետի ընտրությունից հետո, քանի դեռ հստակ չէ ապրիլից հետո վարվող տնտեսական ու ոչ տնտեսական քաղաքականությունը: Դժվար թե «Ծառուկյան» դաշինքից պատասխան ստանաք մինչև այս հարցերի հստակեցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել