ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հարցազրույց է տվել ալիևյան կայքերից մեկին, որի հասցեատերն ավելի շատ Հայաստանն է: Սեիդովը վստահեցրել է, որ Բաքուն կշարունակի արցախյան հիմնախնդիրը պահել ԵԽԽՎ-ի օրակարգում: Բաքուն Սեիդովի շուրթերով կրկին դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբից պասիվության պատճառով:
Անցյալ տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում բացահայտված կոռուպցիոն երևույթները և դրա հետ կապված սկանդալները, որոնց կիզակետում հենց Բաքուն էր իր նավթախավիարային դիվանագիտությամբ, ինչպես նաև 2017թ․-ի նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից Իլհամ Ալիևի ընկերոջ՝ Պեդրո Ագրամունտի, խայտառակ հրաժարականը և այս տարվա հունվարի սկզբին ադրբեջանական պատվիրակության երեք անդամների շուտափույթ փոփոխությունը, որոնք ներքաշված էին կոռուպցիոն սկանդալների մեջ, սարսափելի հարված էր Ադրբեջանին և նրա միջազգային վարկանիշին: Հունվարի 22-26-ը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ Բաքուն հասկացնում է մեզ, որ, չնայած ԵԽԽՎ-ում իր դիրքերի թուլացմանը, գոնե մոտակա ժամանակահատվածում, քանի դեռ չի գտել նավթախավիարային դիվանագիտությանը փոխարինող այլ միջոց՝ ԵԽԽՎ պատգամավորներին գնելու և ազերիամետ որոշումներ և բանաձևեր ընդունելու համար, հույսը դնելու է իր ուժերի վրա և շարունակելու է ԵԽԽՎ-ում առաջ տանել իր գիշատչային հակահայկական քաղաքականությունը:
Իսկ մեզ մնում է բավական լավ նախապատրաստվել այս ձմեռային նստաշրջանին, քանի որ Բաքուն բավական կանխատեսելի է և սիրում է նույն բանը հազար անգամ կրկնել տարբեր ամբիոններից և ազերիներին շեշտակի հարված տալ, և ունկնդրել Մեհրիբան խանումի բարեկամի՝ Գանիրա Փաշաևայի, լաչառությունը ԵԽԽՎ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել