2018-ին Առաջին ալիքի առավոտներն, ինչպես միշտ, կսկսվեն «Առավոտ լուսո» ծրագրով։ Ուղիղ եթերում կաշխատեն Մարատ Օրդյանը, Հերմինե Ստեփանյանը և ծրագրի նոր հաղորդավարներ Մամիկոն Սիմոնյանն ու Մերի Ներսիսյանը, ովքեր տարիներ անց կրկին կողջունեն հեռուստադիտողին «Առավոտ լուսո»-ի տաղավարից: Այսօր ծրագրին հյուր էին Մերի Ներսիսյանը և Մամիկոն Սիմոնյան զույգը, ովքեր եթերից հետո զրուցել են BlogNews.am-ի հետ: 

Երեք տարի շարունակ «Մայրիկների ակումբ»-ում զբաղված Մերի Ներսիսյանը նշում է, որ ամռանը դադարեցրին հաղորդումը, քանի որ երեք տարին հեռուստատեսության համար բավականին մեծ ժամանակահատված էր. «Պետք էր փոփոխություն, նաև իմիջային, քանի որ ինձ շատ էին ասոցացնում մայրիկների հետ, և երրորդ բալիկիս ծնունդը համընկավ հեռուստատեսային դադարիս հետ: Սեպտեմբերից սկսած՝ ես չաշխատեցի, հետո ստացա առաջարկ Առաջին ալիքից՝ կրկին վարել «Առավոտ լուսոն». ես մոտ երկու տարի եղել եմ հաղորդման հաղորդավարների կազմում: Այս փուլում ինձ համար այս առաջարկը հիանալի էր, քանի որ սիրում եմ այս ֆորմատը, սիրում եմ առավոտներն աշխատել, մարդկանց բարի լույս ասել, որն, իհարկե, ամենապատասխանատու գործերից մեկն է: Ես սիրում եմ վաղ արթնանալ, աշխատել ուղիղ եթերում, կարոտել էի այս ֆորմատը: «Առավոտ լուսո»-ում շատ լավ թիմ է աշխատում, ունենք մոտավոր տասը լրագրող, խմբագիր, և նրանց հետ աշխատելը մեծագույն հաճույք է պատճառում»,- նշում է Մերին: 

Այն հարցին՝ այս ֆորմատը որքանով է հարմար ընտանիքի հետ համատեղելու առումով, հաղորդավարուհին նշում է. «Ես առհասարակ իդեալիստ եմ, և եթե ինչ-որ բան անում եմ, պետք է անեմ լավագույնս: Սա լավագույն ժամանակահատվածն էր հեռուստատեսություն վերադառնալու: Շատ կարևոր հատկանիշ ունեմ, որ իմ մեջ գնահատում եմ և չեմ վախենում բարձրաձայնելուց՝ ժամանակը ճիշտ տնօրինելու կարողությունը: Ես վստահ եմ՝ այս աշխատանքս միանշանակ չի խանգարելու ընտանիքիս, և հակառակը: Այս ֆորմատի առավելություններից մեկն էլ այն է, որ ժամային հստակ գրաֆիկ ունի, ինչն էլ թույլ է տալիս լավ մայր լինել»:

Մերին և Մամիկոնն առաջին անգամ են իրար հետ աշխատում, և ինչպես Մերին է նշում, իրար բավականին լավ հասկանում են, Մամիկոնն էլ գործընկերուհու մասին այսպես արտահայտվեց. «Ես Մերիին ճանաչում եմ որպես խիստ ինտելեկտուալ անձնավորության, ով իր արժեքների մեջ ունի երկու բան՝ ընտանիք և երեխաներ։ Մնացածը նույնիսկ արդեն հետաքրքիր չէ, քանի որ այդ երկու մասով ես նրա հետ համախոհ եմ և շատ ուրախ եմ, որ մենք միասին հնարավորություն կունենանք աշխատելու: Զույգով հարցազրույց վարելը բարդ է, պետք է իրար չխանգարել, բայց ուրախ եմ, որ Մերիի հետ եմ աշխատելու․ իմ հեռուստատեսային ամանորյա նվերն է»

Մամիկոն Սիմոնյանի հեռուստաստեսային դադարը երեք տարի է եղել. հաղորդավարն այս ժամանակահատվածում երկրում չէր գտնվում. «Քանի որ երկար ժամանակ արդեն հանգստացել էի եթերից, եթերն էլ՝ ինձանից, արդեն վատ ժամանակաշրջան չէր վերադառնալու համար: Շատ լավ առիթ էր ամեն ինչ կրկին վերսկսելու: Այս ընթացքում հեռուստատեսությունում չեմ եղել և հարցազրույցներ չեմ տվել»

Մամիկոն Սիմոնյանը 2000թ.-ից 8 տարի շարունակ աշխատել է Առաջին ալիքում։ Եղել է «Ինտելեկտուալ ակումբ», «Շոու 1-02», «Մենք գիտենք, որ դու գիտես» հեռուստախաղերի, «Առաջին ծրագիր», «Այս երեկո» հաղորդումների հաղորդավար, «Հայլուր» լրատվականի մեկնաբան:

Այն հարցին՝ կար արդյոք լարվածություն կրկին եթեր վերադառնալիս, հաղորդավարը պատասխանեց. «Քանի որ ես այս գործով զբաղվում էի, երբ դեռ շատ երիտասարդ էի, իմ մոտ այդ լարվածությունն անցել է, բայց հուզմունքը լարվածության հետ չխառնենք: Ես ամբողջ եթերի ընթացքից հասկանում եմ, դրանք այն աշխատանքներն են, որոնք ես արդեն արել եմ, իսկ հուզմունքը կա միայն ուղիղ եթեր դուրս գալու ժամանակ»:

Զրույցի վերջում Մամիկոնը մաղթանք հղեց հեռուստադիտողին և համեստ շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ովքեր այս ընթացքում սպասում էին նրա վերադարձին. «Ես միշտ բոլորին ասում էի՝ գալու եմ, հիմա երկրում չեմ, ու որպես պատասխան շնորհավորում եմ նրանց, լավ տարի մաղթում: Իսկ մեր նպատակը եթերը հետաքրքիր դարձնեն է»

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարներն՝ Առաջին Ալիքի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել