Հերթական անգամ Ֆեյսում տեսնելով ԱՄՆ կողմից ֆինանսավորվող պրոյեկտների գովազդն՝ ուղղված ՊՆ-ին՝ առհասարակ, և ՀՀ ԶՈւ նոր դոկտրինի դեմ՝ մասնավորապես, որոշեցի ես էլ իմ գնահատականը տամ ԱՄՆ-ի ԶՈւ գործունեությանը երկրորդ համաշխարհայինից ի վեր: Իմ հաշվարկով ԱՄՆ-ն իրականացրել է գործողություն 39 երկրում և առիթ է հանդիսացել 20-30 միլիոն մարդկանց մահվան համար: Սա գիտակցելով՝ հասկանում եմ, թե որտեղից է ծնվում ամերիկացիքի պացիֆիստական այս մղումները: Էլ ավելի ընկալելի են դառնում Ստենլի Կուբրիկի ներքին ապրումները, երբ նա նկարում էր Full Metal Jacket-ը կամ The Shining-ը:

Մենակ չեմ հասկանում՝ ինչո՞ւ են USAID-ը, NED-ը, Open Society-ն ու մնացածը մեր երկրում աջ ու ձախ փող բաժանում, երբ իրենց երկրի ռազմական բյուջեն աշխարհի ամենամեծն է, որը, ի թիվս այլ գործուղությունների, նաև օգտագործվում է գաղտնի գաղութներ պահելու, առանց դատի մարդկանց բանտարկելու, մեթոդիկ ու դաժան խոշտանգումների և պատվիրված սպանությունների համար: Չեմ հասկանում՝ ինչու իրենց ԶԼՄ-ները ձայն չեն տալիս բոլոր նրանց, ովքեր արդարացնում են ԱՄՆ իշխանության դեմ զինված պայքարը: Ինչո՞ւ իրենց տեղական ծռիստներին չեն հերոսացնում: Ախր Օբաման խոստացել էր, չէ՞, որ Գուանտանամոն փակելու է, որ արգելված խոշտանգումները... ըըը... արգելելու է: Մինչդեռ խաղաղության մրցանակ ստացած Օբամայի օրոք գաղտնի գործողությունները տասնապատկվել են: Նա, վերջիվերջո, առանց դատի հանձնարարել է սպանել ԱՄՆ քաղաքացու: Բա այդ բիրտ բռնապետական ռեժիմի դեմն ո՞վ է առնելու, եթե ոչ Սորոսը: Բա հերոս, ազատամարտիկ ու ԱՄՆ քաղաքացի, Յասսեր Համդիի կոչերը Գուանտանամոյից, ո՞վ է տարածելու:

Արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ նրանք դեմիլիտարիզացիան սկսեին իրենց երկրից, հետո նոր մեզ համոզեին սեփական օրինակով: Կամ գոնե Իսրայելից սկսեին, բռնեին Իսրայելի պաշտպանության նախարարի շրթունքների շուրջ քաղաքական օրակարգ ձևավորեին «Ազատություն» ռադիոկայանով ու հրահանգեին գրանտակերներին այդ թեման գովազդել ֆեյսով: Թե ուզո՞ւմ են, որ մենակ մենք հրաժարվենք պաշտպանվելու միջոցներից, որ պետք եղած վախտ հանգիստ փուռը տա՞ն մեզ: Կամ իրենց երևի թվում է, որ արաբները թուրքերից դաժան են, ու դրա համար Իսրայելին պետք է զինել, իսկ մեզ՝ զինաթափել: Երևի Գազայի հատվածը կարելի է գրավել, իսկ Կիրովաբադը՝ ոչ:

Ռսները, իհարկե, մեզ ոչ մի ձև դաշնակից չեն, բայց զինելիս երկու կողմերին են զինում՝ մեզ հնարավորություն տալով հակառակորդին գոնե ինչ-որ վնաս հասցնելու կամ գոնե սպառնալու դրանով: Հենա Պակիստանն էլ, Հնդկաստանն էլ միջուկային զենք ունեն ու դրա համար իրար չեն խփում:

Էս էլ գործողությունների հավաքածս ցուցակը։ Եթե բան եմ բաց թողել, ավելացրեք՝ Աֆղանստան, Անգոլա, Արգենտինա, Բանգլադեշ, Բոլիվիա, Բրազիլիա, Կամբոջա, Չադ, Չիլի, Կոլումբիա, Կուբա, Կոնգո, Դոմինիկա, Արևելյան Թիմոր, Էլ Սալվադոր, Գրենադա, Գվատեմալա, Հաիթի, Հոնդուրաս, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Պաղեստին, Կորեա, Լաոս, Նեպալ, Նիկարագուա, Պակիստան, Պանամա, Պարագվայ, Ֆիլիպիններ, Սուդան, Ուրուգվայ, Վիետնամ, Յուգոսլավիա, Եմեն, Սոմալի, Սիրիա, Հունաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել