Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին վրաց ժողովրդի համար կարևոր հոբելյանի՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ` ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին` հայ և վրացի ժողովուրդների բարեկամության համար նրա աղոթքների համար:
Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական և մշակութային ընդհանուր արժեքների և պատմության ամուր հիմքի վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը երկուստեք կարևորել են Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլիի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները և ձեռքբերված պայմանավորվածությունները:
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Նախագահ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Նյութի աղբյուր՝ http://www.president.am/hy/press-release/item/2017/12/26/President-Serzh-Sargsyan-met-with-Patriarch-Ilia-II-of-Georgia/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել