Դեկտեմբերի 24-ին մեր արևելյան հարևան, նավթախավիարային սուլթանատի բռնապետ Իլհամ Ալիևի ծննդյան օրն էր։ 61 տարի առաջ իլհամածին (Ильхамародица) Զարիֆա խանումը լույս աշխարհ բերեց մեկին, ով պետք է դառնար ալամ աշխարհի ամենակարևոր երկրի՝ Ադրբեջանի, ղեկավարը և ով իր փառքով և փայլով լուսանցքում պետք է թողներ Չինգիզ խանին և Ալեքսանդր Մակեդոնացուն։ Ադրբեջանական մամուլի ներկայացուցիչները վազելինն ու օճառը ձեռքերին մրցակցում էին միմյանց հետ, թե ով ավելի բարձր դիֆիրամբներ կերգի Իլհամ Ալիևի համար։ Բաքվում այսօր տարվա գլխավոր մրցականաբաշխությունն էր պնակալեզության և շողոքորթության բնագավառում։
Ադրբեջանական հասարակությունը շունչը պահած սպասում էր, թե ինչպես է Իլհամ բաբան շնորհավորական ուղերձներ ստանալու աշխարհի խոշորագույն ժողովրդավար երկրներից և տերություններից։ Սակայն իրականությունը շատ դաժան էր Բաքվի մազութոտված սուլթանի համար։ Իլհամ բաբան շնորհավորանքներ ստացավ երկու խոշորագույն երկրներից՝ Ռուսաստանից և Չինաստանից, բայց սրանք այն վերջին երկրներն էին, որտեղից Բաքուն կցանկանար շնորհավորանքներ լսել։
«Великий и могучий» Վլադիմիր Վլադիմիրի ուղերձից բացի՝ «շաբլոնային» բարեմաղթանքներից իմանում ենք, որ Իլհամ Ալիևը, չզարմանաք, Ռուսաստանի իսկական ընկեր է։ Այո՛, հենց այդպես։ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը մենք հոգանք, ռուսաստանյան տնտեսվարողներին տարրական նվիրենք մեր տնտեսության ռազմավարական ոլորտները՝ էներգետիկա, կապ, երկաթուղի, միջազգային ասպարեզում պաշտպանենք ՌԴ-ի շահերը, իսկ իսկական ընկեր լինի Բաքո՞ւն։ Սա շատ լավ նվեր էր պաշտոնական Երևանին և հայ ժողովրդին։
Չինաստանի նախագահ Սի Ձինպինն ավելի զուսպ սիրառատություն էր ցուցաբերել Իլհամ բաբայի նկատմամբ։
Ալիևին շնորհավորել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի բռնապետերը, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները։ Վերջինիս ուղղակի անտեսում է Մոլդովայի կառավարությունը։
Իլհամ Ալիևին շնորհավորել է նաև instagram-ից վտարված Չեչնիայի նախագահ Ռամզամ Քադիրովը։
Եթե նկատեցիք, բացի Ուկրաինայի նախագահից, Իլհամ Ալիևին շնորհավորած մյուս երկրները ժողովրդավարության հետ շատ քիչ աղերսներ ունեն։
Ինչպես ասում են, նմանը նմանին է գտնում։
Վաղը կիմանանք, որ Ալիևին շնորհավորողները նախանձ և ստոր մարդիկ են, ովքեր նեղվում են Իլհամ բաբայի հաջողություններից և գեղեցիկ կնոջ առկայությունից, որից նրանք չունեն և չեն կարող նշանակել որպես իրենց տեղակալ։

Հ.Գ. Ազիզ հայրիկին իր instagram-յան էջում շնորհավորել էր նաև Ադրբեջանի ապագա բռնապետուհի Լեյլա խանումը։
Ավելի լավ կլիներ, եթե ազերիական մամուլն ընդհանրապես չանդրադառնար Իլհամին հասցեագրված շնորհավորանքներին և սևեռվեր միայն Լեյլայի գրառումների և լուսանկարների հրապարակումների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել