Ազգային փոխադրողի և «ազատ երկնքի» քաղաքականության բացասական հետևանքներից մեկը եղավ այն, որ այդ «ազատ երկինքը» տարրական սեփականաշնորհվել է մեր ռազմավարական գործընկերոջ՝ ռուսաստանյան ավիաընկերությունների կողմից։ Շատ դեպքերում Երևանից և Գյումրիից ուղևորվողներն ինչ-որ երկիր կամ նույնիսկ նույն ՌԴ-ի որևէ քաղաք ուղևորվելու համար այդ անում են «через» Մոսկվա։
Արդեն մեկ տարուց ավելի է՝ ՀՀ իշխանությունները ՌԴ-ի ներկայացուցիչների հետ քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը։ Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե չլիներ մի ԲԱՅՑ․ ռուսական կողմը պարտադրում է մեզ այդ ավիաընկերությունը «զինել» ՌԴ-ում արտադրված Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով, որոնք բավական վատ համբավ ունեն՝ աչքի են ընկնում անորակությամբ և բազմաթիվ խնդիրներով։
Հիշեցնեմ, որ ժամանակին «Արմավիա» ավիաընկերությունը 2 Sukhoi Superjet 100 ինքնաթիռ էր ձեռք բերել, որոնք գրեթե մշտապես գտնվում էին անգարներում, քանի որ անընդհատ տեխնիկական խնդիրներ ունեին, ինչի պտաճառով «Արմավիան» հրաժարվեց դրանցից։ Սեփական անորակ ինքնաթիռները պաշտպանելու նպատակով ռուսական կողմը հայտարարեց, որ հայկական ավիափոխադրողն ի վիճակի չէ վճարել դրանց սպասարկման գումարները։ Միայն հետագայում «Արմավիայի» սնանկությունից հետո ավիաընկերության որոշ նախկին պաշտոնյաներ բացահայտեցին Sukhoi Superjet 100-ի հետ կապված խնդիրները։
Պաշտոնական Մոսկվայի Sukhoi Superjet 100-ի հուժկու գովազդը հօդս ցնդեց, երբ 2012 թ․-ի մայիսի 9-ին ավիաշոուի ժամանակ ինդոնեզական Ճավա կղզում տեղի ունեցավ ավիաաղետ, որի պատճառով զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 45 ուղևորները։ Ռուսական կողմն աղետի մեղավոր հայտարարեց շոուի կազմակերպիչներին, իսկ հակառակ կողմն էլ հայտարարեց, որ ինքնաթիռի աղետի պատճառները Մոսկվան թող փնտրի իր արտադրած ինքնաթիռի անսարքությունների մեջ։ Այդ ավիաաղետից հետո ռուսաստանյան արտադրության այդ ինքնաթիռը չկարողացավ դուրս գալ միջազգային շուկա և մրցակցել Boeing-ի և Aerobus-ի հետ, որի մասին բարձրաձայնում էին ռուս պաշտոնյաները։ Այդ աղետից հետո ռուսաստանյան արտադրության այդ ինքնաթիռները հիմնականում գնում են նույն ռուսաստանյան ավիաընկերությունները։
Սակայն ռուսաստանյան ավիաընկերությունների պարկերում Sukhoi Superjet 100-ները մեծ թիվ չեն կազմում։ Ռուսաստանցիներն իրենք նախընտրում են ԱՄՆ-ում և Եվրամիությունում արտադրված ինքնաթիռները։ Շատ զարմանալի է, որ իրենց անորակ և վատահամբավ ինքնաթիռը հիմա էլ Մոսկվան պարտադրում է մեզ։ Ու պարզվում է, որ այդ ինքաթիռներից է կազմված լինելու մեր հայրենական ավիափոխադրողի ավիապարկը։
Ավելի լավ է ավիափոխադրող չունենանք, քան ունենանք միայն Sukhoi Superjet 100-ներից բաղկացած ավիափոխադրող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել