Երևի հանրապետությունում չգտնվի մեկը, ով անկեղծորեն հավատում է, որ կա ինչ-որ չնչին հնարավորություն՝ ընթացիկ ռազմական ռեֆորմների ու այդ թվում՝ տարկետման վերացման մասին որոշման չեղարկելու հարցում։ Դա հասկանում եմ ես, դա հասկանում եք դուք, դա հասկանում են գիտնասաչոկներն ու գիտնասաչոկներին տարկետումից զրկելու դեմ պայքարող ակտիվիստները։ Ու այդքանը քաջ գիտակցելով ու հասկանալով՝ միևնույն է, հացադուլ են անում։

Իրականում չկա սեփական հասարակական կշռի ու քաղաքական կապիտալի ոչնչացման ավելի արդյունավետ ձև, քան հացադուլն է։ Ինչո՞ւ։ Դե, թեկուզ նրա համար, որ գիտեք, որ հեսա մի երկու օր հետո կա՛մ ինչ-որ լիրիկական մելամաղձիկ պատճառ են հորինելու ու դրա շորշոփով դադարեցնեն, կա՛մ էլ սկսելու է էժան բենեֆիս, երբ հացադուլավորն օրեր շարունակ չի սնվում, բայց չի հյուծվում ու, առհասարակ, կայտառ է, ինչպես բողկը։ Վերջում էլ Հայրիկյանը կգա ու ծիրանի հյութը ջրով կբացի իրենց համար։

Ես չհասկացա, թե ինչներին էր պետք առանց այն էլ ֆիասկո ապրած արշավից հետո էլի մտնել հացադուլային գծի մեջ ու դատելով նրանից, որ հացադուլավորները երկուսն են, միայն ես չեմ, որ դա չի հասկանում, բայց մի բանում վստահ եմ՝ «Դասադուլ» օպերացիայի փիառ հաջողությունը չի կրկնվելու։ Չի կրկնվելու, որովհետև ի սկզբանե թույլ օպերացիա էր, չի կրկնվելու, որովհետև ստրատեգիական պահը կորցրին, ու մարդկանց դա այլևս հետաքրքիր չէ, չի կրկնվելու, որովհետև բոլոր հնարավոր ռազմավարություններից ընտրվեց ամենաանարդյունավետը։

Թե՝ ասա՝ խելոք գնացեք, դասերդ սովորեք էլի. չէ՞ որ դասադուլներն ու հացադուլներն էլ են տարկետման պես կտրում մեզ լուսավոր ուղեղներից ու վաղվա ակադեմիկոսներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել