Այս տարի Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցավ աննախադեպ մի երևույթ. Թուրքիայի խորհրդարանն ընդունեց որոշում, որով արգելվում է խորհրդարանում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը: Առաջին հայացքից ոչ այդքան անսպասելի որոշումը նրանով էր աննախադեպ, որ այն հաջորդեց քրդամետ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից (HDP) ընտրված հայազգի պատգամավորի բոցաշունչ ելույթին: 
Նույն կուսակցությունից քուրդ պատգամավորը դեռևս տարվա սկզբին արտասանել էր «Քրդստան» բառը, որին հաջորդեց խորհրդարանի որոշումը, որով արգելեցին խորհրդարանում օգտագործել «քրդական հարց», «քրդական շրջաններ» և «Քրդստան» տերմինները: Այս նախադեպը, կարծես թե, հաշվի չառնելով՝ հայազգի պատգամավորը մի քանի ամիս անց Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից խոսում է «Հայոց ցեղասպանության» զոհերի մասին: Հենց այս ելույթից հետո էլ Թուրքիայի խորհրդարանն ընդունում է տխրահռչակ որոշումը: Բանն այն է, որ հայազգի պատգամավորը ոչ թե կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ պարզապես հարցադրում էր հնչեցնում, թե՞ ինչ եղան այն հայերը, ովքեր ապրում էին Թուրքիայում, այնուհետև պատասխանում, որ ենթարկվեցին սպանդի: 
Դեկտեմբերի 13-ին խորհրդարանում 2018թ.-ի բյուջեյի քննարկման ժամանակ քուրդ պատգամավոր Ալիջան Օնլուն, ով Թունջելիի տարածաշրջանից է ընտրվել, կրկին հնչեցնում է «քրդական շրջաններ» տերմինը, ինչը հարուցում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատագամավորների զայրույթը:
Ի պատասխան քուրդ պատգամավորի ելույթին՝ թուրք պատգամավոր Մուստաֆա Էլիտասն ասում է. «Ոչ ոքի դա թույլ չենք տա: Թուրքերն ու քրդերն ապրում են Թուրքիայում, ուրեմն՝ բոլորս էլ թուրք ենք, ոչ ոքի թույլ չենք տա պաշտպանել այդ կեղտոտ ահաբեկիչներին (ահաբեկիչ են համարում նրանց, ովքեր օգտագործում են նաև արգելված տերմինները)» : 
Չեմ մտածում, որ քրդական լուրջ ու ծանրակշիռ կուսակցության պատգամավորներն իրենց ելույթները կառուցելիս հաշվի չեն առնում այս ռիսկերը: Փաստացի դուրս է գալիս, որ քրդամետ HDP-ն ուղղակիորեն նպաստում է այնպիսի վիճահարույց հարցերի քննարկման արգելման որոշումների ընդունմանը, որոնք, մեղմ ասած, հաճելի չեն թուրքական իշխանությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել