Դեկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ մամուլի ծառայությունից։

Դիպլոմների հետ միասին քննիչների 25 թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի նշանակվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները և այսօրվանից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։ Նրանց թվում էր նաև ապրիլյան պատերազմի մասնակից՝ Գագիկ Հովհաննիսյանը, ով ծառայությունը կիրականացնի ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում՝ քննիչի պաշտոնում։

«Քննչական կոմիտեում ձևավորվել է բարի ավանդույթ, երբ շրջանավարտներն ավարտական դիպլոմների հետ միասին ստանում են նաև աշխատանքի նշանակման մասին հրամանները: Արձագանքը դրական է, աշխատանքի ընդունման այս ընթացակարգը դրական միջավայր է ստեղծում մեր կառույցի շուրջ։ Այս երեք տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել այն մթնոլորտը, որ Քննչական կոմիտեում աշխատանքի ընդունվելիս, պաշտոնների նշանակվելիս, կոչումներ ստանալիս կոռուպցիոն դրսևորումները բացառվում են»,- շնորհավորելով նորանշանակ քննիչներին՝ ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ շրջանավարտների աշխատանքի նշանակման ձևավորված ընթացակարգը հետագայում ևս պահպանվելու է։

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով Արդարադատության ակադեմիային է վերապահված քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը: Քննիչների թեկնածուների ուսուցման ընդհանուր տևողությունը սահմանված է շուրջ ութ ամիս (առաջին խումբ՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը)՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Մասնագիտական պատրաստումն իրականացվում է առկա ուսուցմամբ՝ լսարանային ուսուցման և փորձաշրջանի եղանակներով: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը սահմանվում է 1670 ակադեմիական ժամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել