ՆԱՏՕ-ն կարող է կանանց իրավունքների առաջատար պաշտպան դառնալ։ Նման կարծիք են արտահայտել կառույցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ու Անջելինա Ջոլին The Guardian-ում հրապարակված նամակում։

Նամակում ասվում է, որ, չնայած սեռական բռությունն արգելված է միջազգային իրավունքով, այն նախկինի պես կիրառվում է որպես ռազմական մարտավարություն բազմաթիվ հակամարտություններում՝ Մյանմարից Ուկրաինա, Սիրիայից Սոմալի։ Այն իր մեջ ներառում է զանգվածային, խմբակային բռնաբարություններ, սեռական ստրկություն, բռնաբարություն՝ որպես կտտանքի միջոց, էթնիկ զտումներ ու ահաբեկչություն։ Դրանով է բացատրվում այն, թե ինչու է ավելի անվտանգ ռազմական գոտիներում զինվոր, քան կին լինելը։ Նշվում է, որ սեռական բնույթի բռնության դադարեցումը կենսական կարևոր հարց է խաղաղության, անվտանգության և սոցիալական արդարության համար։

Դաշինքը ստեղծվել է ոչ միայն անվտանգության, այլև մարդկանց ազատության պաշտպանության համար։ «Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն ունի անհրաժեշտ պատասխանատվություն և հնարավորություն՝ դառնալու կանանց իրավունքների առաջատար պաշտպան»,- գրել են նրանք։

Սթոլթենբերգն ու Ջոլին առաջիկայում այդ ուղղությամբ ինստենսիվ աշխատանք են խոստացել։ «ՆԱՏՕ-ն կձգտի ինտեգրել գենդերային հարցերն իր ռազմավարական մտածողության մեջ որպես իր արժեքների մաս, ինչպես նաև կուժեղացնի կանանց ինտեգրումը կազմակերպությունում»,- ասվում է նամակում։

Սթոլթենբերգը և Ջոլին լայն հանրությանը համատեղ գործողությունների կոչ են արել։ Նրանք նշել են, որ մարդկության ամոթն այն է, որ կանանց հանդեպ բռնությունը՝ լինի դա խաղաղ համայնքներում, թե պատերազմի ժամանակ, ամենուր համարվում է փոքրագույն հանցանք։ Նրանք հույս ունեն փոխել իրավիճակն ապագա սերունդների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել