Ստորջրյա աշխարհը միակ վայրն է, որը մարդիկ դեռևս չեն կարողանում ուզածի չափ ուսումնասիրել. ոչ բոլորն ունեն հնարավորություն այնտեղ գնալու: Աննկարագրելի գեղեցկություն ունեցող այս աշխարհում երբեմն այնպիսի գտածոներ են հայտնաբերվում, որոնք ստիպում են ապշել յուրաքանչյուրին: Ձեզ ենք ներկայացնում այդպիսի հրաշալիքներից մի քանիսը:

 

Քանդակների ստորջրյա այգի, Գրենադա

Գրենադա կղզուն մոտ՝ Կարիբյան ծովի հատակում, գտնվող այս զարմանալի այգու «բնակիչներն» առհասարակ չեն տարբերվում ցամաքում գտնվող քանդակներից: Միակ տարբերությունն այն է, որ սրանք ամբողջապես պատված են կորալներով ու ջրիմուռներով, ինչն էլ առանձնահատուկ գեղեցկություն է տալիս դրանց: Խորհրդավոր միջավայրը զարմացրել է բոլոր գիտնականներին և պատմաբաններին:

Բալթիկ ծովի «անոմալիա»

Այս երևույթը, որն այլ կերպ անվանում են Բալթիկ ծովի ՉԹՕ, 60 մ շառավիղ ունեցող օվալաձև քար է, որը գտնվում է ծովի հատակին՝ 90 մ խորությամբ դեպի վար: Հայտնաբերվել է 2001 թ. շվեդական Ocean X Team-ի կողմից, որը երկու անգամ դեպի «անոմալիան» է գնացել և ուսումնասիրություններ անցկացրել: Միայն երկրորդ արշավի ժամանակ է հայտնի դարձել, որ այս երևույթն ունի սանդուղքներ և մի մեծ, սև անցք, որը տանում է դեպի կառույց:

Ըստ ուսումնասիրողներից ոմանց՝ սրանք կառուցվել են մարդ արարածի կողմից, մասնավորապես՝ գերմանացիների, որոնք փորձել են հակասուզանավային մեքենա ստեղծել: Ոմանք էլ գտնում են, որ սա քարային բնական կազմավորում է: Կառույցը պատրաստված է քարի գյոթիդ և լիմոնիդ տեսակներից, որոնք հիմնականում չեն հանդիպում օվկիանոսի հատակում:

Հնագույն Հերակլիոն, Եգիպտոս

Եգիպտական հնագույն նավահանգստային Հերակլիոն քաղաքը համաշխարհային օվկիանոսի տակ է անցել 1200-1500 տարի առաջ (գիտնականները չեն կարողանում ժամանակը հստակեցնել): Այդ ժամանակից ի վեր ոչ ոք անգամ փորձ չէր կատարել քաղաքը փնտրելու և հետազոտություն անցկացնելու, մինչև որ 2000 թ. հնագետ Ֆրանկ Գոդոն հանկարծակի չհայտնաբերեց հսկայական արձան: Հնագետի նպատակն ի սկզբանե 18-րդ դարի ֆրանսիական ռազմանավեր գտնելն էր, սակայն նա առավել հետաքրքրիր բան հայտնաբերեց: Օվկիանոսի հատակին սկսվեցին մեծածավալ պեղումներ անցկացվել, որի արդյունքում հայտնաբերվեցին ևս 65 նավ, սֆինքսներ, մինչև 5 մ բարձրությամբ արձաններ, հին եգիպտական մի քանի արձանագրություններ և նույնիսկ դղյակի հիմք: Ըստ գիտնականների ենթադրությունների՝ անցյալում քաղաքն անցել է ջրի տակ Միջերկրական ծովի մակարդակի բարձրացման հետևանքով: Ոմանք էլ պնդում են, որ դրա պատճառը եղել է աղետը՝ մեծ երկրաշարժը կամ մակընթացային ալիքը:

Մեդուզայի լիճ, Պալաու

Շատ մարկանց վախեցնում են մեդուզաները։ Իսկ ի՞նչ կկատարվի նրանց հետ, եթե իմանան, որ Էյլ Մարկ կղզում գոյություն ունի փոքրիկ լիճ, որում բնակվում են հարյուր հազարավոր մեդուզաներ: Լճում այլ ջրային կենդանիներ չեն ապրում, քանի որ սարսափելի մեդուզաները զբաղեցրել են դրա ողջ տարածքը: Սակայն, բարեբախտաբար, մարդ արարածի համար այս կենդանիներն առհասարակ վտանգ չեն ներկայացնում, այդ իսկ պատճառով հարյուրավոր սուզորդներ ամեն տարի սուզվում են լճի խորքերը և հիանում մեդուզաների աննկարագրելի գեղեցկությամբ:

Սունկ, որը միլիոնավոր տարիների կյանք ունի

Հետազոտողների հասարակ մի խումբ 2011 թվականին Խաղաղ օվկիանոսի հատակին հայտնաբերեց սունկ, որը վերագրվում էր 100 մլն տարի առաջվա: Մինչ այժմ գիտնականները չեն կարողացել պարզել, թե ինչպես է միլիոնավոր տարիներ շարունակ այս սունկն առանց քայքայվելու կարողացել մնալ նստվածքի մեջ, որի մեջ բացարձակապես չկան քիմիական կենսաֆիլ նյութեր: Հայտնի է դարձել միայն, որ սունկը պատկանում է Penicillium սնկաընտանիքին: Վերջիններից նոր տեսակների հակաբիոտիկներ են ստեղծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել