ՀԱՅԿական Նոր տարի Հայկ Պետրոսյանի հետ. երկար դադարից հետո դերասանը վերադառնում է նոր ու ինքնատիպ աշխատանքով: Դեկտեմբերի 18-ին և 19-ին կայանալիք ամանորյա համերգ-ներկայացման մասին BlogNews.am-ը զրուցել է Հայկի հետ ու պարզել հետաքրքիր մանրամասներ:  

Համերգի մեջ համերգ. այսպես է բնորոշում Հայկը «ՀԱՅԿական Նոր տարին», որը  խոստանում է լինել շատ ուրախ, լի կատակ երգերով ու գեղեցիկ զուգերգերով. «Համերգի անվանումն անմիջականորեն ասոցացվում է  իմ անվան հետ: Տան ջերմություն ունեցող անվանում էինք փնտրում և, ի վերջո, երկար քննարկումներից հետո կանգնեցինք  «ՀԱՅԿական»-ի վրա: Բեմադրելու ենք փոքրիկ օպերետ: Ինտերակտիվ մոտեցում ենք ցուցաբերելու, որ հանդիսատեսն էլ մասնակցի երեկոյին: Եվ այս ամեն ինչն, իհարկե, ես համեմելու եմ կատակներով, հատկապես Նոր տարվա թեմատիկայով: Համերգի նպատակն այն է, որ մարդիկ մի պահ կտրվեն առօրյա  հոգսերից ու թեթևացած գնան Նոր տարին նշելու»:

slug-79143

Հայկի խոսքով՝ շատ գեղեցիկ դեկորացիաններ են լինելու՝ հետաքրքիր լուծումներով: Այդ օրը դերասանի կողքին են լինելու նաև տաղանդավոր ընկերները. «Թատերականացված համերգ-ներկայացումից մտադիր ենք  ստանալ այնպիսի մթնոլորտ, որ տանը մի սեղանի շուրջ ես, կիթառը ձեռքիս, նվագում ու երգում եմ, իսկ մարդիկ ինձ ձայնակցում են: Սեղանի հատուկ հյուրերն են լինելու Միքայել Ոսկանյանը,  Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը և իմ մյուս երաժիշտ ընկերները: Մարդիկ բեմը տեսնեն, թե չէ, կհասկանան, որ բոլորս ասես մեծ տան մեջ լինենք: Ջերմությունը միանգամից կզգացվի»:

IMG_7814

Հայկն ուրախությամբ է նշում՝ իր բախտը բերել է հանդիսատեսի հարցում. շատ ջերմ ու անմիջական են մարդիկ. «Հանդիսատեսից մինչև այսօր արձագանքները դրական են եղել, որը գուցե նաև կապված է հորս՝ Վարդան Պետրոսյանի  հետ: Բեմը չի խանգարում մեզ, մեր շփումը շատ անմիջական է,  միասին երգում և ուրախանում ենք»:

Համերգը Նոր տարվա օրերին կցուցադրվի նաև Արմենիա հեռուստաընկերությամբ: Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ Հայկն այս ընթացքում չի մոռացել նաև կազմել 2018-ի աշխատանքային պլանը: Խոստանում է՝ նոր տարին հագեցած է լինելու նոր ու հետաքրքիր անակնկալներով, նոր երգերով ու ներկայացումներով:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել