1378 թ.-ին Ռիչարդ 2-րդը Կիլիկիայի թագավորից անժամկետ ավանդ է ընդունում Կիլիկիայի թագավորության գանձարանի տեսքով՝ պայմանով, որ գումարը կվերադարձվի, երբ որ վերականգնվի Կիլիկիայի թագավորությունը: Իսկ բուն վերականգնման նպատակով Լևոն 4-րդին անգլիացիք խոստանում են Խաչակրաց արշավանք սկսել: Խաչակրաց արշավանք, իհարկե, չի սկսվում, թագավորությունը չի վերականգնվում, և հենց անգլիացիք դրա համար ամեն ինչ անում են, որովհետև արշավանքի հիմնական իմաստը միշտ եղել է հենց կապիտալի կուտակումը թալանի միջոցով, ի՞նչ իմաստ ունի գնալ արշավի, եթե կապիտալն ինքն իր ոտքով եկել է մոտդ: Հայերին գցելու գործում անգլիացիք վերջակետ են դնում մոտ 650 տարի հետո՝ խոստանալով «նավեր», որոնք, իհարկե, այդպես էլ չբարձրացան մեր լեռները: Համը «հանում» է Սովետը, որը քանդվելով, հայերի անբաշար ձեռքում է թողնում ԱԷԿ, Նաիրիտ ու Քիմպրոմ, բայց ժամանակը ցույց տվեց, որ էդ հարցերը Սորոսենք մի երկու կոպեկով լուծող են: Սովետի քանդվելուց քսան տարի անց չկա ո՛չ ԱԷԿ, ո՛չ Նաիրիտ, ո՛չ էլ Վանաձորի քիմպրոմը: Մնացել ա՝ բանակի հարցը «լուծեն»...

Կապիտալի սկզբնական կուտակման հենասյունն է՝ թե կարաս մեկից խլես, պիտի խլես (Կապիտալ, հատոր 1, գլուխ 31): Կապիտալիստական աշխարհում դու կա՛մ գցողն ես, կա՛մ գցվողը: Հայաստանը չունի կապիտալ ո՛չ ֆինանսի, ո՛չ հումքի ու ո՛չ էլ մարդու տեսքով, և ուրեմն՝ հիմար պիտի լինես, որ ակնկալես, որ հետաքրքիր կլինես կապիտալիստ երկրների համար: Իրենց համար Հայաստանը կարող է լինել միայն մանրադրամ՝ կապիտալ ունեցող այլ երկրների հետ առևտրում, օրինակ՝ նավթային պաշարների կապիտալ ունեցող երկրների հետ:

Ըստ այդմ՝ կա երեք տարբերակ՝ կա՛մ մենք ստեղծում ենք «կանցավիկների» բանակ, որոնք խաչակիրների նման կթալանեն ում որ կարենան (ցանկալի է ադրբեջանցիքին ու վրացիքին, կամ վերջին վարիանտ՝ սեփական «ժողովրդին»), կա՛մ ընդունում ենք Շիիզմը, կա՛մ սկսում ենք չինարեն սովորել: Կարծում եմ՝ ճիշտը երեք ուղղություններով էլ աշխատելն է:

Հ.Գ. Չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես ագլիացիքի հետ խնդիր չունեմ: Հայերին գցելն ինչ-որ առումով նույնիսկ աստվածահաճո գործ կարելի է համարել, և ակներև է, որ Աստված անգլիացիքին օրհնել և պարգևատրել է կատարած աշխատանքի համար: Բայց դե, ինչ ունենք, էդ ա, անգլիացու ասած՝ nothing personal, just business։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել