Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի և «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Վիրավորներին և մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների հետ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը, որից հետո դասակի հրամանատարը վերադարձել է դեպքի վայր: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի և ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանի գլխավորությամբ:

Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Սևանի քնչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 252 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր ժամանած՝ մահացածների հարազատները ասում էին, որ նրանք աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում և Երևանից վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել