Իմ խորին համոզմամբ` մեր երկրում ամենատարածված, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ լուծվող արատներից մեկը պետբյուջեի միջոցների անարդյունավետ տնօրինումն ու դիտավորյալ մսխումն է։ Այդ երևույթը կարելի է այլ կերպ անվանել գանձարանագողություն։ Վերջին մի քանի տարիների փորձը հստակ ցույց է տալիս, որ գանձարանագողերն ունեն միավորող մի բան՝ շատ են վախենում հանրային արձագանքից ու Ֆեյսբուքից, այդ իսկ պատճառով սկսում եմ այս շարքը։

Գանձարանագողերից առաջին հերոսը Հերմինե Նաղդալյանն է։ Խնդիրն այն չէ, որ ես անձնավորված պրոբլեմ ունեմ Նաղդալյանի հետ։ Ընդհակառակը, ես գիտեմ, որ նա մեկն է շատերից։ Խնդիրը կուսակցական պատկանելությունը չէ, քանի որ ես համարում եմ, որ խնդիրն առկա է քաղաքական գրեթե բոլոր ուժերի մոտ։ Խնդիրն անգամ վերջին աղմկահարույց դրվագում չէ՝ կապված ռոումինգով միլիոնավոր դրամների զավզակելու հետ, քանի որ ես վստահ եմ, որ թե՛ Հերմինե Նաղդալյանը, թե՛ մյուս գանձարանագողերն ավելի շատ պետմիջոց են մսխում։ Պարզապես առավել ակտուալ օրինակը Նաղդալյանինն է, ուստի նրանից էլ սկսենք։

Արդեն ֆարսի վերածված «ՎիվաՍել»-ԱԺ-Նաղդալյան պատմության բոլոր ստվերված կողմերը լուսավորվել են ԱԺ աշխատակազմի՝ երեկվա հայտարարությամբ։ Եթե պարզ ու հակիրճ բացատրենք եղելությունն, ապա այն հետևյալն է․ Նաղդալյանը 1,4 միլիոն դրամի բջջային ինտերնետ ու րոպե է գմփցրել 4 օրում՝ գտնվելով Բրյուսելում, իսկ երբ խնդիրը հասել է ԱԺ աշխատակազմի մակարդակի, աշխատակազմի արդեն նախկին աշխատակիցը հանձն է առել լուծել հարցը «ՎիվաՍել»-ի հետ, բայց ոչ թե գոյացած պարտքն է ջնջվել, այլ պարզապես բաժանել են մի քանի ամսվա կտրվածքով, որ վճարման ենթակա թիվն այդքան խոշոր չթվա։ Երբ պատմությունը հասավ մամուլին, և աղմուկ բարձրացավ, ԱԺ աշխատակազմում պոստ ֆակտում իմացան, որ իրենց նախկին աշխատակիցը բստրել էր մի քիչ, ու որպեսզի իրավիճակից քիչ թե շատ պատվով դուրս գան, Նաղդալյանի հետ պայմանավորվել են, որ սրանից հետո պետությունը նրա հեռախոսային ծախսերը չի հոգալու։ Ինչ վերաբերում է Նաղդալյանին, ապա վերջինս երկու ոտքը մի մաշիկի մեջ է դրել ու ասում է, որ այդ մսխված 1,4 միլիոն դրամը ինքն իր գրպանից չի վճարելու, ինչը ևս շատ բան է ասում Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկի ընդհանուր բարոյահոգեբանական բնութագրի մասին։

Հիմա մի քանի հարց․

1․ Անկախ այն հանգամանքից, որ Նաղդալյանի հեռախոսային հաշիվներն այսուհետ հենց Նաղդալյանն է մուծում, այնուամենայնիվ, ինչո՞ւ պետք է հարկատուն վճարի այդ չարաբաստիկ 1,4 միլիոնը։ Նաղդալյանն անփութությամբ կամ էլ հանցավոր դիտավորությամբ այդքան վնաս է պատճառել պետբյուջեին, ուրեմն՝ պարտավոր է իր գրպանից վճարել այդ գումարները։

2․ Մի՞թե այդ 1,4 միլիոնը միակ նման դրվագն է Նաղդալյանի ու ազգընտիր ու ոչ այնքան ազգընտիր այլ պաշտոնյաների կենսագրություններում։ Նույն Նաղդալյանի մասով տեղեկություններ ունեմ, որ ոչ․ եղել են դեպքեր, երբ նրա հեռախոսային հաշիվները, որոնք վճարվել են բյուջեից, կազմել են 600000, 400000, 800000, պարզապես այս անգամ է աղմուկ բարձրացել։

Ընդհանրապես, ժամանակն է, որպեսզի այդ պրակտիկան վերացվի ու վերացվի ինչպես ԱԺ-ում, այնպես էլ պետական այլ մարմիններում։ Հիմա այս արտոնություններից օգտվող պատգամավորների համար լիմիտն իջեցված է մինչև 50000 դրամի ու ևս 40000-ի, եթե ռոումինգում են, բայց դա էլ է շատ։ 600+ հազար ռոճիկ են ստանում, բոլորն էլ սմարթֆոններ ունեն, թող «Սկայպ» ու «Վայբեր» քաշեն ու յոլա գնան հյուրանոցի ու փողոցի Wi-Fi-ով, ինչպես անում ենք մենք՝ հասարակ մահկանացուներս։ Առավել ևս՝ գործարար պատգամավորները պետք է կամավոր կերպով հրաժարվեն այդ կոմպենսացիաներից։ Հո մեծապատիվ մուրացկաններ չե՞ք։

3․ Մի՞թե ԱԺ էթիկայի հանձնաժողովը խնդիր չի տեսնում նրանում, որ Հերմինե Նաղդալյանը ոչ միայն ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այլև հրապարակայնորեն ու տեսախցիկների առաջ ստել է լրագրողներին՝ հայտարարելով, որ տեխնիկական խնդիր է եղել և այլն։

Ի դեպ՝ հուշում էթիկայի հանձնաժողովին ու այլ պատկան կառույցներին․ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցություններն ու ինտերնետի օգտագործումը չեն կարող լինել անձնական տվյալ, քանի որ վճարվում են մեր գրպանից։ Հետաքրքիր կլիներ «ՎիվաՍել»-ից ստանալ վերծանություններն ինտերնետի մասով, որպեսզի հա՛մ այդ մարմինները, հա՛մ էլ մարդիկ վերջապես հասկանան, թե, այնուամենայնիվ, թեկուզ ռոումինգում այդ ի՞նչ պետք է անես ինտերնետում, որ 4 օրում այդքան գումար կուտակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել