Life.tert.am-ը գրում է.

Երգիչ, դերասան Արամ MP3-ի և Աննայի երկրորդ որդին՝ Դավիթն արդեն քառասուն օրական է. ծնողները փոքրիկի քառասունքից դուրս գալը նշել են  ընտանեկան միջավայրում: Արարողությանը ներկա են եղել Արամի և Աննայի ծնողները, եղբայրներն ու քույրերը: Tert.am Life-ն օգտագործեց առիթն ու երգչի հետ զրուցեց ընտանիքի մասին։ 

Երգիչ-շոումենը տեղեկացրեց, որ երեխայի «քառասունքից հանելու» արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: «Ընտրեցինք այդ եկեղեցին, քանի որ ես և Առնոն այդ եկեղեցում ենք մկրտվել, իմ ու Աննայի  պսակադրության արարողությունն էլ է այնտեղ կատարվել»,- ասաց Արամ MP3-ն:

Քառասունքի օրը Դավիթը մի շարք նվերներ է ստացել։ Անդրադառնալով իրենց նվերներին` Արամն ասաց. «Որպես այդպիսին` նվեր չենք արել երեխային, նա նվերներ ստացավ, բայց մենք ինչ-որ առանձնակի բան չէինք պատրաստել: Քանի որ ամբողջ օրն իր հետ ենք, մենք ենք իր նվերը կամ պատուհասը, չգիտեմ (ծիծաղում է, հեղ.)»: 

Դավթի ծնվելուց ժամեր անց երգիչը հրապարակեց նրա լուսանկարը. «Մարդիկ կային, որ ասում էին՝ երեխայի քառասունքն անցնի, նոր նկարը ցույց տվեք, բայց մենք այդպիսի բաների չենք հետևել: Կինս էլ միշտ հրապարակել է երեխայի նկարները»:

Զույգը դեռ չի որոշել, թե երբ կմկրտեն կրտսեր որդուն: Երգիչը վստահեցրեց, որ երբ Դավիթը մի քիչ մեծանա, անպայման, կմկրտեն: Արամի ավագ որդին` Առնոն, մկրտվել է 2 տարի առաջ, քավորը եղել է դերասան Մկրտիչ Արզումանյանը, Դավիթի քավորը ևս նա կլինի:

Երկրորդ որդու անվան ընտրության մեջ, ինչպես պատմեց Արամը, Ավետ Բարսեղյանի «մատը խառն է»: «Անվան հետ կապված կային մի քանի տարբերակներ: Երբ Ավետն իմացավ, որ կինս հղի է և տղա է ծնվելու, ասաց՝ փաստորեն, Դավիթն է ծնվելու: Հետո 9 ամսվա ընթացքում տարբեր անուններ էինք մտածում, վերջում, երբ որ փոքրիկը ծնվեց, ասացի, այնուամենայնիվ, Դավիթ, Ավետին զանգեցի և տեղեկացրեցի, ասաց՝ գիտեի չէ՝ ինչ եմ ասում: Այսպես, երեխայի անունը դրեցինք Դավիթ։ Մտածում էի հորս անունն ընտրել, սակայն եղբայրս հայրիկիս անունն արդեն ընտրել էր իր որդու համար, ես ուզում էի դնել եղբորս անունը, բայց մեր ընտանիքում կար ևս մի փոքրիկ Միքայել, այնպես որ, մնաց Դավիթը»,- պատմեց երգիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել