Ոչ մեկի համար արդեն նորություն չէ, որ ռուսական ԶԼՄ-ներ հերթական հակահայկական նյութն էր սողոսկել  («Звезда» հեռուստաալիք), որում ռուսական կացնային քարոզչության լավագույն ավանդույթներով խաղարկվում էին հայ բանդերականների, նացիզմի, ֆաշիզմի ու կոլաբորոցիոնիզմի թեմաները։ Յուրահատկությունը, սակայն, նրանում էր, որ այս անգամ շատ հստակ թիրախավորված էր կոնկրետ ՀՀԿ-ն, այն աստիճան, որ անգամ կուսակցական զինանշանի վրայով էին անցել։

Եթե այս ամենը գիտեք, ապա գիտեք նաև, որ արդեն այսօր «Звезда»-ն հեռացրեց այդ տեսանյութը, սակայն այն արդեն հասցրել էր տարածվել համացանցում ու դառնալ հայկական Ֆեյսբուքի՝ այսօրվա թիվ մեկ քննարկման թեման։ Փորձեմ չկրկնվել, ոչ էլ կացնային քարոզչությանը հակադրվել (իմաստ էլ չկա), փոխարենը եկե՛ք փորձենք հասկանալ, թե ինչ է սա։

Ըստ իս՝ կա երկու հավանական տարբերակ․

1․ Առավել տարածված տարբերակն այն էր, որ այս կերպ ռուսները սկսել են ուղղակի մեսիջներ հղել ու արտահայտել իրենց դժգոհությունը՝ կապված ԵՄ-ի հետ Համապարփակ համաձայնագրի ստորագրման հետ։ Ասել է, թե՝ այս կերպ ռուսները մեսիջ են ուղղում մեր քաղաքական ղեկավարությանը, որ եթե հետ չկանգնեք, ապա Հայաստանի ու Հայաստանի քաղաքական համակարգի դեմ կձեռնարկվի տեղեկատվական գրոհ, ինչպես դա եղավ Ուկրաինայի պարագայում։

Առաջին հայացքից բավականին դյուրամարս ու տրամաբանական թվացող վարկած է, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Նույն «Ռոսսիա 24»-ով շաբաթ օրը ռեպորտաժ էր, որտեղ Կիսելյովը մեղր էր ծորացնում Հայաստանի հասցեին՝ պատմելով, թե ինչ հավատարիմ ու խոհեմ դաշնակից ենք մենք, որ 2013 թվականին պահանջեցինք հեռացնել Մոսկվայի համար ցավոտ կետերն ազատ շուկայի մասով ու ստորագրել քաղաքական մասը, իսկ Եվրոպան չհամաձայնվեց։ Մեսիջը հետևյալն էր՝ ա՜յ, բոլորդ եղեք Հայաստանի պես, ինքը պուպուշ է։ Ու դրանից հետո «Звезда»-ի նյութն էական դիսոնանս է ստեղծում ու չի խոսում Մոսկվայի պաշտոնական գծի հետ, ավելին՝ զարմացնում էր իր կտրուկությամբ ու մակերեսայնությամբ։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ առավել հավանական է մյուս տարբերակը։

2․ Իրականում սա ոչ թե պետական մակարդակով սադրանք էր՝ արված Ռուսաստանի կողմից, այլ եթե սադրանք էր ու ինքն էլ՝ պետական մակարդակով, ապա՝ Ադրբեջանի կողմից։ Ռուսական մեդիայում սովորական բան է ադրբեջանական լոբբիզմի առաջամարտիկների ներկայությունը։ Բավականին հաճախ են նաև դեպքերը, երբ ադրբեջանական ջանքերով ռուսական հեռուստաեթեր փորձ է արվում հակահայկական թեզ ու/կամ մթնոլորտ մտցնել։ Ինչպես ասվում է, փողին մուննաթ։

Հաճախ այսպիսի սադրանքները կանխվում են դեռ կազմակերպման փուլում, բայց երբեմն էլ լինում է այսպես, երբ դրանց դեմն առնել ստացվում է արդեն պոստ ֆակտում։ Դատելով նրանից, թե ինչ արագությամբ ու ինչ հեզությամբ «Звезда»-ն, որը ՌԴ ՊՆ-ի կողմից է ֆինանսավորվում, փորձեց հարթել այս պատմությունը և արագորեն հեռացրեց կռվախնձորն իր մոտից, իրոք գործ ունենք ինքնագործունեության հետ, երբ, ինչ-ինչ մոտիվներից դրդված, տվյալ ծրագրի, իսկ գուցե նաև հեռուստաընկերության պատասխանատուները որոշել են նման չարաճճիություն անել ու դա չեն համաձայնեցրել վերահսկող վերադասների հետ։

Ամեն դեպքում, այս ամենը ևս կարելի է համարել մի փոքրիկ հաղթանակ՝ հօգուտ մեզ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական մեդիան ու Ֆեյսբուքն ավելի ազդեցիկ են, քան կարող է թվալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել