Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում տիկին Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաեւ հեռախոսազանգերի վերծանումները: Այս մասին պաշտոնական պարզաբանում է հրապարակվել ՀՀ ԱԺ կայքում, որտեղ հիշեցվում է, որ 2017թ-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը հանդիսանում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար:

«Ուսումնասիրությամբ պարզվել է՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետեւանքով:

Պարզվել է նաեւ, որ 2017թ-ի հունիսի սկզբին նկատելով տիկին Նաղդալյանի ծառայողական հեռախոսահամարի աննախադեպ խոշոր գումարի վարձը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության համապատասխան աշխատակիցը դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը եւ ստացել հեռախոսահամարի զանգերի վերծանումները, որոնց ուսումնասիրությամբ գործերի կառավարչության աշխատակիցը ենթադրել է, որ հիշատակված 4 օրերին կուտակված խոշոր գումարն առաջացել է տեխնիկական պատճառներով: Խնդիրն ուսումնասիրելու եւ լուծելու խնդրանքով գործերի կառավարչության աշխատողը հեռախոսազանգով դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության աշխատողին:

Այնուհետեւ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է 2017թ-ի մայիսին մատուցված ծառայությունների հաշիվը եւ գործերի կառավարչության աշխատողը, տեսնելով, որ այն կիսով չափ պակաս է, եզրակացրել է, որ ընկերությունն ուսումնասիրել է խնդիրը, որի արդյունքում վճարի կեսը «զիջել» է: Սակայն, ինչպես պարզվել է ուսումնասիրությամբ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը ծառայության դիմաց վարձավճարը չի «զիջել», այլ ներկայացրել եւ ստացել է ոչ թե միանգամից (մեկ հաշվով), այլ հաջորդող երկու ամիսների ընթացքում: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ի պատասխան լրագրողների հարցերին հայտնել է գործերի կառավարչությունից դեռեւս 2017թ-ի հունիսի սկզբին ստացված տեղեկությունը, որի առնչությամբ հայցում ենք հանրության ներողամտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել