Yerkir.am-ը գրում է.

Նոյեմբերի 21-ին Հայաստան կայցելի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Բացի այդ՝ ձեռք է բերվել համաձայնություն Վիեննայում դեկտեմբերի սկզբին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ սպասվող հանդիպումներից: Yerkir.am-ը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

Բաբայանի կարծիքով՝ հանդիպումներն ինքնին կարևոր են մի շարք տեսանկյուններից, առաջին հերթին` երկրում հարաբերությունների զարգացման`, մասնավորապես հաշվի առնելով  վերջերս Թուրքիայի կողմից ակտիվության դրսևորումը:

«Տեսնում ենք՝ Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ներթափանցի ու իր դիրքերն ուժեղացնի Հարավային Կովկասում, և բնական է, որ այս տեսանկյունից մենք էլ պետք է մեր ռազմավարական դաշինքն ամրապնդենք Ռուսաստանի և այլ պետությունների հետ: Այս առումով շատ կարևոր է Լավրովի այցը: Հետաքրքիր էր նաև Էրդողան-Պուտին հանդիպումն ու այդ համատեքստում Արցախյան հիմնախնդրի քննարկումը: Փաստորեն, մեկնաբանությունից, որ տվել էր Էրդողանը, ակնհայտ էր, որ Ռուսաստանն այնքան էլ գոհ չէր Թուրքիայի ակտիվությունից»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ, ստացվում է՝ նման հանդիպումները կարևոր են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունություն պահպանման համար:

Մեր զրուցակցի խոսքով՝  պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը: Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից վերջերս ձեռնարկված մի շարք քայլեր ուղղված են տարածաշրջանում հավասարակշռության խախտմանը: «Օրինակ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումն ուղղված էր տարածաշրջանում կայունության խարխլմանը, ուղղված էր Հայաստանի, Արցախի դեմ: Իհարկե, այս ամենը հաշվի են առնում նաև տարբեր երկրներում: Թուրքիայի ներթափանցումը տարածաշրջան, մեզ համար խնդիր է, բայց, մյուս կողմից, արտաքին քաղաքականության և ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն»,- ասաց Բաբայանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել