Լինելով տարկետման վերացման կողմնակից՝ մի բանում ես համաձայն եմ ընդդիմախոսների հետ․ տարկետումը միայն քաղաքացիական մասնագիտությունների ներկայացուցիչների համար չէ, որ պետք է սահմանափակվի ու բերվի «Պատիվ ունեմ»-ի մակարդակի։

Լինելով ՀԱԵ մկրտված հետևորդ՝ ես վստահ եմ, որ մեր ապագա հոգևորականներին միայն օգուտ կլինի զինվորական ծառայությունն անցնելը։ Ու հարցն այն չէ, որ այդ 50-60 սեմինարիստները գլոբալ հարց չեն լուծում։ Հարցն այն է, որ ինքակայացման ու աշխարհընկալման տեսանկյունից կենսագրությունում կամուֆլյաժային հատված ունենալն օգտակար է ցանկացած մարդու համար, առավել ևս, եթե մարդը հոգևորական է ու մետաֆիզիկական մեծությունների հետ գործ ունի։ Բանակն այդ մետաֆիզիկական հասկացություններն ավելի առարկայական դարձնող ու դրանց ընկալման մակարդակը բարձրացնող միջավայր է։

Ու հետո սա լավ մաղ կարող է լինել, որի միջոցով կառողջանա նաև եկեղեցին։ Եթե մարդն ունակ չէ պահելու իր հավատն ու առաքելության զգացումը 2 տարի ծառայելու արդյունքում, ապա ավելի լավ է, որ, առհասարակ, չհավակնի հոգևոր հովվի կարգավիճակի։

Մարզիկների ու առանձնակի շնորհալի երեխաների մասով էլ համաձայն եմ, որ նրանց միանգամից բանակ տանել պետք չէ, բայց մեկընդմիշտ ազատելն էլ սխալ է։ Շնորհալիների մասով հայեցակարգը դեռ մշակվում է, բայց մարզիկների մասով արդեն կա ու, ըստ իս, արդյունավետ է․ էլ չկան սպորտային վաշտեր, կա տարկետում, որի համար մարզիկը պետք է ամեն տարի Եվրոպայի առաջնությունում զբաղեցնի առնվազն 4-րդ տեղ ու չվատացնի այդ արդյունքը։ Սպորտն իրոք այնպիսի բան է, որ ամենօրյա ռեժիմով մարզումներ չանելու դեպքում մարզիկը դադարում է լավը լինել, ու շատ դժվար է դա շտկել երկու տարի հետո։

Ի մի բերելով մտքերս՝ նշեմ, որ թե՛ օրինագծի դրական ընկալման, թե՛ պետության համար օգտավետության, թե՛ եկեղեցու առողջացման տեսանկյունից տարկետումից պետք է զրկվեն նաև սեմինարիստները, ու մատների վրա պետք է կարողանանք հաշվել այն շնորհալի երիտասարդներին, ում ակադեմիական ու սպորտային հաջողություններն այնքան տպավորիչ են, որ նրանք արտոնյալ կարգավիճակում են հայտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել