Վիգեն Սարգսյանի առաջարկած նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորները` բացի 6 հոգուց: Նախագիծն անցավ, ու հիմա կարելի է ուշադրություն դարձնել դրա դեմ պայքարողների քայլերին:

Նախ՝ պայքարը սկսվեց մեզ արդեն ծանոթ հին մեթոդներով՝ ինչ-որ դուլեր, խելոք հավաքներ, ոչ մեկի հետ չենք բանակցելու, բայց պարտավոր եք մեր պահանջը կատարել: Պայքարի այս երեք իրավիճակները Հայաստանի համար չեն, սրանք չեն անցնում, քանի որ հնացել են: Սրանց միջից ամենակործանարարը «չենք բանակցելու» տարբերակն է: Հա, այս տարբերակի շնորհիվ է, որ Արցախի հարցն արդեն տարիներով նույն կետի վրա է, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը նույնպես նման կերպ են մտածում և գործում: Տարվա մեջ մեկ կամ երկու հանդիպումը շատ հեռու է բանակցություն ասվածից, քանի որ հանդիպումից առաջ, ընթացքում և հետո սահմանին զինվորներ են զոհվում երկու կողմից, ու դա չի կարող լինել բանակցություն:

Հետո ընտրվել է բուն նախագծի հեղինակին՝ Վիգեն Սարգսյանին, ծաղրելու և տարատեսակ հոդվածներ կայքերում ու ՖԲ տարածքում լցնելու գործընթացը: Տարիներ շարունակ մեր պահանջատերերը չհասկացան, որ ՖԲ-ն շատ հեռու է քաղաքականությունից, որ ամեն ախմախ կայքի ախմախ կիսալրագրողի երկար-բարակ գրած հոդվածը միայն իրենք են կարդում ու կիսվում, քանի որ մնացածը թքած ունեն այդ զառանցանքների վրա:

Եվ իրականում Վիգեն Սարգսյանը տարբերվում է նախկինում մեզ ծանոթ քաղաքական գործիչներից, ովքեր պատգամավոր կամ նախարար եղած տարիներին հազիվ կարողացել են որևէ համալսարանի դիպլոմ գնեl ու հիմա իրականում զբաղվում են ավելի շատ բիզնեսով, քան քաղաքականությամբ: Ու այդ մարդկանց դեմ պայքարել նույն մեթոդով, իհարկե, ամենասխալ բանն է:

Իսկ վերջում` ուղղակի պետք չէր հենց ամենասկզբից թողնել, որ որոշ «սատարողներ» շրջանառության մեջ դնեին «Մեկա պիտի չընդունեք», «Մենք ուսանող ենք, մեզ չեք կարա չլսեք», «Մենք ենք էս երկրի ապագան ոնց ասենք, ըտենցա», «Վիգենը չի ծառայել, մենք էլ չենք ծառայելու» ու նման այլ մեծամիտ արտահայտություններ: Ոմանք արդեն պլան էին կազմել, թե երբ է Սերժ Սարգսյանը ամոթանք տալու Վիգեն Սարգսյանին: Հա, այ այդքան հեռու էիք գնացել, կտրվել էիք իրականությունից, ու դա էր պատճառը, որ ընդամենը 6 դեմ քվեարկող եղավ:

Ամեն դեպքում, թող սա ուսանողների վերջին պայքարը չլինի ու պայքարեն նաև այն ժամանակ, երբ հարցը միայն իրենց չի վերաբերում, ու թող չգնան տարատեսակ հանդիպումների, «Բազեների» ժամանակ խելոք նստեն ու լսեն այն մարդկանց արտահայտությունները, ում դեմ այսօր պայքարում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել