168.am-ը գրում է.

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության պետական ընկերությունը (TUSAS/TAI) եւ Ռուսաստանի «Իրկուտ» ավիաշինական կորպորացիան ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր:

Ինչպես հայտնել է Anadolu գործակալությունը, փաստաթղթի համաձայն՝ ընկերությունները համատեղ նախագծեր կիրականացնեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Ընկերությունների ներկայացուցիչները հուշագիրն ստորագրել են Dubai Airshow 2017 ցուցահանդեսում, որը տեղի է ունենում նոյեմբերի 12-ից մինչեւ 16-ը: Համաձայնագրի այլ մանրամասներ չեն հրապարակվում: TUSAS ընկերությունն աշխարհի առաջատար ավիացիոն ընկերություններից մեկն է, զբաղվում է այդ թվում հարվածային-հետախուզական ուղղաթիռների եւ ուսումնավարժական ինքնաթիռների մշակմամբ եւ արտադրությամբ:

TUSAS-ի արտադրած մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են: «Իրկուտ» ընկերությունը մտնում է Ավիաշինական միացյալ կորպորացիայի մեջ, որը մշակում է միջինմայրուղային դասի ՄՍ-21 ինքնաթիռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել