Aravot.am-ը գրում է.

Բանակ չգնալու համար ներկայիս տղա ուսանողների պայքարի հետ կապված մի պատմություն հիշեցի, որը հայրս է պատմել: Նա Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ է ընդունվել 17 տարեկանում՝ 1945 թվականին: Նրա հետ սովորում էին Մեծ հայրենական պատերազմից վերադարձած երիտասարդները, որոնցից հայրս հատկապես առանձնացնում է Էվալդ Իլյենկովին: Այդ մարդու տանը կլավեսին էր դրված, եւ Իլյենկովը բավականին վարժ դասական գործեր էր նվագում: Պատերազմի դժոխքը նրան չխանգարեց դառնալ նշանավոր գիտնական (կարդացեք նրա գրքերը՝ մեծ բավականություն կստանաք), հղկված մտավորական, չխանգարեց անգամ պահպանել կլավեսին նվագելու հմտությունները:

Թե այսօր ինչու պիտի ապագա գիտնականների մոտ բակալավրիատից հետո զինվորական ծառայության ժամանակ գիտելիքները հօդս ցնդեն, այնքան էլ հասկանալի չէ: Մանավանդ որ առաջարկվող ծառայության ռեժիմը հնարավորություն կտա չկտրվել գրքերից՝ իհարկե, նրանց համար, ովքեր իսկապես կապված են գիտության հետ, ոչ թե ձեւեր են թափում, թե մտահոգված են հայոց գիտության ճակատագրով:

Այդ թեմայի հետ կապված ուշագրավ էր ռազմաճակատից վերադարձած եւս մի երիտասարդի, այս անգամ՝ մեր հայրենակցի վարքագիծը: Ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ Հարություն Բադալյանը վերջերս նույնպես խոսել է այն մասին, որ բանակում ծառայելը չի կարող խանգարել կրթությանն ու գիտությանը: Բայց ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպե՛ս էր նա այդ թեմայով խոսում՝ «ես ծառայությունից առաջ սովորում էի Ագրարայինում, ծառայությունն ինձ օգնեց կողմնորոշվել, եւ ես հիմա սովորում եմ Տնտեսագիտականում»: Ոչ թե «ֆիդայի եմ», «երկրապահ եմ», «ազատամարտիկ եմ», «կռված տղա եմ», «արյուն եմ թափել», ինչից մենք պետք է եզրակացնենք, որ նման մարդուն հիմա ամեն ինչ թույլատրելի է եւ ներելի: Ոչ, «ծառայել եմ բանակում, հիմա ուսանող եմ»՝ այդ մտածելակերպն ինձ ոչ միայն ավելի համեստ եւ արժանապատիվ է թվում, այլեւ ավելի պետական՝ «փափախի», «պատրոնդաշի» եւ «մաուզերիստների տրնգիի» համեմատ:

Ժամանակակից բանակին պետք են բարձրագույն կրթությամբ մարդիկ, բանակին պետք են գիտությունն ու կրթությունը, իսկ վերջիններիս զարգացման համար բանակը կարող է եւ պետք է խթանիչ ուժ դառնա: Որ այդ ոլորտները փոխկապակցված են՝ դրա հետ ոչ ոք կարծես թե չի վիճում: Փոխարենը վեճ է գնում այն մասին, թե ով ինչպես է ծառայել կամ չի ծառայել բանակում: Դա, ժամանակակից լեզվով ասած, «թրոլինգ» է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել