Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցությունը, որն ընդամենը ամիսներ առաջ երկիրը համախմբելու մասին բարձրագոչ հայտարարություններ էր անում, նախագահական ընտրություններից հետո չի կարողանում անգամ սեփական ուժերը համախմբել: Կուսակցության վարչության անդամները կամ հրաժարվում են հարցերի պատասխանել, կամ էլ ընդհանրապես անհասանելի են: Իրականում, սակայն, խնդիրն այն է, որ «Համախմբման» առաջնորդ Վարդան Օսկանյանը երկար ժամանակ է ո՛չ Հայաստանում է, ո՛չ էլ կուսակցական գործունեությամբ է զբաղվում:

«Փաստի» տեղեկություններով նա օրերս վերադարձել է, բայց հավանաբար ասելիք չունի իր կուսակիցներին, այդ պատճառով էլ դեռևս չի շտապում հանդիպել նրանց հետ: Սա իր հերթին դժգոհությունների նոր ալիք է բարձրացրել կուսակցությունում, բայց ինչպես երևում է, ԱԳՆ նախկին նախարարին դա այնքան էլ չի հետաքրքրում:

Ստացվում է, որ կոմպլեմենտար քաղաքականության «հիմնադիրն» ու ջատագովը, ով ընդամենը ամիսներ առաջ երկիրը կործանումից փրկելու դարակազմիկ մտքեր էր արտահայտում, չի կարողանում անգամ իր կուսակցության հեղինակությունը փրկել և նույն այդ կոմպլեմենտարիզմը հայոց քաղաքական կյանքում ներդնել, գոնե ձևի համար հասարակությանը ցույց տալ, որ Արդարադատությունում գրանցված այդ կուսակցությունը, չնայած գործել չի կարողանում, բայց գոնե խոսել՝ դեռևս կարող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել