Հատկապես վերջին շրջանում ամբողջ աշխարհում աննախադեպ կերպով աճած իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում Տաջիկստանի իշխանությունները, առկա մեթոդներին և իրականացվող գործողություններին զուգահեռ, ևս մեկ ուշագրավ եղանակ են ընտրել:
Այսպես՝ Տաջիկստանի Կրոնի կոմիտեի կողմից անցած շաբաթ տարածված հայտարարության համաձայն՝ որոշվել է արտասահմանում կրթություն ստացած բոլոր մզկիթների առաջնորդներին (իմամ) փոխարինել երկրում ուսանած հոգևորականներով: Հարկ է նշել, որ Տաջիկստանում, ընդհանուր առմամբ, գործում է շուրջ 4 հազար մզկիթ, որոնց իմամները նշանակվելուց առաջ անցնում են պարտադիր թեստավորում, իսկ նրանց հոգևոր գործունեությունն իրականացվում և ուղղորդվում է հատուկ ուղեցույցով:

Հաշվի առնելով հատկապես անցած ավելի քան 6 տարիների ընթացքում արաբական մի շարք երկրներում տեղ գտած ներքաղաքական նաև զինված դիմակայություններում մզկիթների և հոգևոր առաջնորդների առաջնային դերակատարումն, նաև հոգևոր հաստատությունների գործունեության միջոցով արտաքին միջամտության տարաբնույթ եղանակները՝ կարելի է ենթադրել, որ Տաջիկստանի իշխանությունները զգուշանում են արտերկրից եկող կրոնական և քաղաքական ազդեցության վտանգից և փորձում կանխել դրա հավանականությունը՝ սահմանափակելով ու վերահսկելով արտերկրում կրթություն ստացած հոգևորականների գործառույթները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել