Նոյեմբերի 5-ին Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ նաև Շիրակի մարզի խոշորացված համայնքներում, անցկացվեցին համայնքապետերի ընտրություններ։ Շիրակի մարզում տեղի ունեցան երեք համայնքների՝ Ախուրյանի (միավորում է 8 գյուղ), Մարմաշենի (միավորում է 15 գյուղ) և Անիի (միավորում է 17 գյուղ) համայնքապետերի ընտրություններ։ Ընտրությունների արդյունքները բավականին տհաճ են ՀՀԿ-ի համար, քանի որ մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարի կողմից ՄԻԱԿ սատարվող թեկնածու, Մարմաշենի համայնքապետի թեկնածու, Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանը պարտություն կրեց։ Այդ խոշորացված համայնքում, որը միավորում է 15 գյուղ, որոնցից Մարմաշեն, Մայիսյան, Շիրակ, Վահրամաբերդ համայնքները Գյումրիի արվարձանային և բավական մեծ բնակչություն ունեցող գյուղեր են, հաղթանակ է տարել ՀՅԴ-ի ներկայացուցիչ, գործարար Կարեն Արշակյանը, ով ստացել է 1463 ձայն։ ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանը ստացել է 1289 ձայն։
Խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավար ընտրված Արծրունի Իգիթյանի (ստացել է 1464 ձայն) և Անիի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արտակ Գևորգյանի (ստացել է 3909 ձայն) հաղթանակի մեջ ՀՀԿ մարզային կառույցը ՈՉ ՄԻ լումա չունի։ Ախուրյանի պարագայում ՀՀԿ-ն, չունենալով հարմար թեկնածու, ստիպված եղավ պաշտոնապես պաշտպանել Ախուրյանը գրեթե քառորդ դար ղեվարարած ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանին, իսկ Անիում հաղթանակ տարած Արտակ Գևորգյանին էլ ՀՀԿ մարզային կառույցը հնարավորինս «խանգարում» էր՝ ծածուկ պաշտպանելով թեկնածուներից մեկին։ Արտակ Գևորգյանին հիմնականում սատարել է նրա քավորը՝ ԱԺ պատգամավոր, «հնաբնակ» ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը։  
Շիրակի մարզում նոյեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն հաղթեց ՀՀԿ-ին։

Հ.Գ. Տարօրինակն այն է, որ Մարմաշեն համայնքը միավորող 15 գյուղերի նախկին ղեկավարները գրեթե բոլորը ՀՀԿ-ական էին, սակայն մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կողմից պաշտպանված թեկնածուն, որի համար վերջինս քաղաքական գովազդում էլ էր նկարահանվել, պարտություն է կրում։ Հարց է ծագում՝ համալսարանի աշխատանքներն անտեսած ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ո՞ւմ է հերթական անգամ մեղավոր դարձնելու իր անհաջողության համար՝ լծվելով իր սիրելի «դավադրությունների տեսություն» նախասիրությանը, ով է կանգնած այս ամենի թիկունքին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել