«Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը Հայաստանի դեմ օգտագործելու փորձեր գուցե անի Ադրբեջանը ԼՂ հակամարտության պատճառով, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Սակայն պետք է շեշտել, որ այս ձևաչափի մյուս երկու երկրները՝ Ռուսաստանը և Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այս երկու երկրները հստակ դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության հարցում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Բաքու-Թեհրան-Մոսկվա ձևաչափով համագործակցությանը: Ըստ նրա՝ այս համագործակցությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ: Իրանցի քաղաքագետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ներկայիս օրակարգը բավականին լայն է, ինչպես՝ երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ գլոբալ նախաձեռնություններ կան:
 
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ այդ համագործակցությունն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, քանի որ երեք երկրները խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ: «Այդ հարաբերությունները լարված են հատկապես ներկայումս»,- ասել է ռուս քաղաքագետը: «Սա էական հանգամանք է: Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցության նպատակը ոչ այնքան տնտեսական կապերն են, որքան առանձին երկրների հարաբերություններն Արևմուտքի հետ, այս երեք երկրներն էլ խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ, բնականաբար, Ռուսաստանն ու Իրանը՝ ավելի գլոբալ, պայմանավորված Թրամփի վարչակարգի մատուցած անակնկալներով: Սա կարծես համագործակցություն լինի Արևմուտքի դեմ, ես այստեղ լուրջ տնտեսական օրակարգ չեմ տեսնում: Բայց քաղաքական համագործակցության հիմքերը ևս թույլ են, պարզ է, որ այս համագործակցությունն ԱՄՆ-ին չի հուզում»,- ասել է նա»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել