Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել և բացահատել մի բան, որն իմ կողմից բացահայտվել էր դեռ այս տարվա ապրիլի 16-ին և որի վերաբերյալ ես գրառում էի կատարել։ Լապշինը «բացահայտել» է, որ պաշտոնական Բաքուն ցանկացել է իրեն փոխանակել մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։
Իսկ սա 2017թ-ի ապրիլի 16-ին իմ կողմից արված գրառումն է այս թեմայի շուրջ, որի իսկությունը հաստատեց Լապշինը։

Այն, որ բլոգեր Լապշինն առուծախի առարկա է դառնալու Բաքվի համար, պարզ էր։ Սակայն դժվար էր կռահել, թե երբ է Ալիևը իր գինն ասելու։ Այսօր արդեն Ալիևն իր «շուրթերից» մեկի գրչով այդ գինը ներկայացրել է շահագրգիռ կողմերին։
Բոլորին հայտնի է, որ ազերի նախկին ընդդիմադիր լրագրող և Ալիևների ընտանիքի ոխերիմ թշնամի Էյնուլա Ֆաթուլաևը, ով իր հայացքների համար Բաքվի բանտում մի լավ «պատժվելուց» հետո ազատ արձակվեց, հիմա դարձել է նույն Իլհամի ընտանիքի սազանդարը և Իլհամի ոչ պաշտոնական մամլո խոսնակը։ Այն, ինչ չի կարելի բացեիբաց առաջարկել և խոսել, Իլհամ բաբան անում է Էյնուլայի շուրթերով։ Նշեմ, որ այդպիսի «շուրթերի» դեր են տանում բազմաթիվ ազերի երեսփոխաններ, լրագրողներ, պաշտոնյաներ և քաղաքագետներ։
Այսօրվա իր հոդվածներից մեկում Ֆաթուլաևն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն հետևում և վերահսկողության տակ է պահում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը։ Ալիևի մանկալվիկին դա բացարձակ դուր չի եկել։ Ու Էյնուլան ավելի լավ բան չի մտածել, քան համեմատել բլոգեր Լապշինի գործը մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործի հետ և հարցնել տիկին Զախարովային, թե ինչու վերջինս նաև չի հետևում ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործին։ Ֆաթուլաևին դուր չի եկել այն, որ ՌԴ-ն չի արձագանքել ալամ աշխարհի ամենահզոր նախագահ Իլհամ բաբայի խնդրանքին և չի միջնորդել ՀՀ-ի իշխանությունների առաջ, որ վերջիններս ազատեն ՌԴ քաղաքցի Դիլգամ Ասկերովին։ Ֆաթուլաևն իր հոդվածում ընթերցողների հատուկ հիշեցնում է, թե ինչպես է նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինին փոխանցել Ասկերովի ընտանիքի նամակը և խնդրել ջանքեր գործադրել ազատ արձակելու Ասկերովին։
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում, որ ազատության մեջ տեսնի ազերի մարդասպաններ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թ.-ի հուլիսին «մեկնել» էին Քարվաճառ՝ ծնողների գերեզմաններին այցելության, և ձեռքի հետ էլ սպանել էին երկու մարդու։ Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման։
Միայն Ֆաթուլաևի նման նողկալի արարածը կարող է Լապշինի գործը համեմատել մարդասպանների գործի հետ, որոնք երեքով սպանել էին 17-ամյա դեռահասի և մի կնոջ։ Չնայած, ի՞նչ կարելի է սպասել Ֆաթուլաևից և իր ազգակիցներից, եթե Բաքվում հայ սպանողին հերոսացնում են։ Տկարամիտ Էյնուլան մտածում է, որ ՌԴ-ում տեղյակ չեն իրենց քաղաքացու «հերոսություններից»։ Շատ լավ տեղյակ են և գերադասում են չբարձրաձայնել, քանի որ դրա նմանին պաշտպանելը խայտառակություն է։ Բաքվում մտածում են, որ եթե իրենք մարդասպաններին հերոսացնում են, ապա նույնն էլ պետք է անեն այլ երկրներում, որոնց ազերի քաղաքացիների հանցագործություն են գործում այլ երկրների տարածքում։
Սակայն այս «հոդվածից» մի բան պարզ դարձավ՝ Բաքուն Մոսկվային շատ պարզ հասկացնում է, որ եթե վերջինս ցանկանում է տեսնել Լապշինին ազատության մեջ, ապա պետք է իր հնարավորություններն օգտագործի և փորձի արցախյան բանտից ազատել Դիլգամ Ասկերովին։ Բաքվի այս խաղի մեջ ներքաշված են նաև Ուկրաինան և Իսրայելը։ Զարմանալի մի բան նկատվեց երեք «հայրենիքների» քաղաքացի Լապշինի՝ Բելառուսում ձերբակալության և Ադրբեջան հանձնման հետ կապված։ Իսրայելը, որը ԵՐԲԵՔ թույլ չի տալիս, որ իր քաղաքացիներին նսեմացնեն որևէ երկրում, մի քանի թատերական բնույթի հայտարարություններ արեց Լապշինի պահով և վերջ։ Իսկ պաշտոնական Կիևն ընդհանրապես լռեց։ Ակտիվ է մնում միայն Մոսկվան։ Որքան կարելի է կռահել, Լապշինի «խայծը» կուլ են տվել միայն ՌԴ-ում, ու հիմա Իլհամ Ալիևն իր կամակատարների միջոցով առաջարկում է Լապշինի ազատագրման գինը. դա մարդասպան Ասկերովի ազատ արձակումն է։ Պրիմիտիվ Էյնուլային կարելի է շնորհակալություն հայտնել, որ վերջապես բացահայտեց Լապշինի շուրջ ընթացող այս խաղի դերակատարներին և նրանց ստանձնած դերերը։
Հուսով եմ՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները ԵՐԲԵՔ թույլ չեն տա, որ Ալիևի առաջարկած այս գործարքը տեղի ունենա և Ադրբեջանն ունենա նոր ազգային հերոս։ Ասկերովի և Գուլիևի տեղն իրենց ընկերոջ՝ Հասանովի, կողքին՝ փոսի մեջ է։ Միայն այդտեղ կարող են հանգրվանել քնած մարդուն սպանողները, դեռահասին մորթազերծ անողները և կնոջը գնդակահարողները։ Իլհամ Ալիևի հերոսներ Ասկերովը և Գուլիևը ոչնչով չեն տարբերվում «բուդապեշտյան ճիվաղ» Ռամիլ Սաֆարովից։

Հ.Գ. Ի դեպ՝ առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևը գին է առաջարկում Գուլիևի և Ասկերովի համար։ АPА գործակալության հաղորդմամբ՝ 2014 թ-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասկերովի, նաև Հասան Հասանովի դիակի հետ։ Սակայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն անդրդվելի էին։ Բաքվին փոխանցվեց միայն Հասանովի լեշը։
Այս երեք տարիների ընթացքում Բաքուն «կենացները» թանկարցրեց և փորձում է Լապշինի՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը օգտագործել իր ուզածին հասնելու համար։
Լապշինի ձերբակալման համար Հայաստանը և Արցախն արդեն պատասխանել և պատժել են Ադրբեջանին։ Վերջերս Արցախ այցելեցին շուրջ 30 հայտնի բլոգերներ և լրագրողներ։ Այդ շռնդալից ապտակը Բաքվում դեռ չեն մարսել և գերադասում են լռել։ Արցախը տեղեկատվական շրջափակման Բաքվի փորձերը ձախողվեցին։ Հիմա էլ Ալիևը ուզում է այն օգուտ ստանալ Լապշինից, որը, համոզված եմ, ևս կձախողվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել