ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակության՝ Սիրիա և Լիբանան կատարած այցերից ընդամենը 2 օր անց սիրիացի զբոսաշրջիկների առաջին խումբն է ժամանել Երևան:

Սիրիական SANA պաշտոնական լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՍԱՀ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային մարքեթինգի բաժնի ղեկավար Բասամ Բարսիքին, հաղորդել է, որ նոյեմբերի 1-ին սիրիական Sham Wings ավիաընկերության կողմից իրականացված չվերթով Դամասկոսից Երևան է մեկնել զբոսաշրջիկների առաջին խումբը, ինչը հանդիսանում է առաջին գործնական քայլը՝ «բարեկամական երկրների» միջև ընդամենը օրեր առաջ ստորագրված պայմանագրի կենսագործման:

Sham Wings-ի ներկայացուցիչն էլ իր հերթին նշել է, որ ավիաընկերությունը պատրաստ է լուրջ զեղչեր տրամադրել տուրիստական կազմակերպություններին բնագավառի ակտիվացման նպատակով:

Վերոնշյալը վառ օրինակ է այն իրողության, որ ՀՀ պետական կառույցների (տվյալ դեպքում` Տնտեսական զարգացման նախարարության և Դամասկոսում ՀՀ դեսպանատան) ակտիվ, հետևողական և սկզբունքային գործելաոճի արդյունքում արձանագրվում է ուղղակի արդյունք, այն էլ այնպիսի երկրի հետ հարաբերություններում, ինչպիսին ավելի քան 6 տարի ներքին զինված հակամարտությունից արնաքամ եղած Սիրիան է: 
Ցանկալի է, որ նման գործելաոճը շարունակական և օրինակելի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել