Օրերս Իրաքի խորհրդարանն օրենք է ընդունել երկրի ամբողջ տարածքում «սիոնիստական խորհրդանիշների» ցուցադրումն, այդ թվում՝ Իսրայելի դրոշի ծածանումն արգելելու մասին։ Թե ինչ պատիժ է սպառնում օրինախախտներին, չի նշվում:

Ընդհանուր առմամբ՝ պատմականորեն Իրաքի և Իսրայելի հարաբերությունները կրել են թշնամական բնույթ. Բաղդադն ավանդաբար կարևոր դիրք է զբաղեցրել հակաիսրայելական արաբական ճամբարում: Իսկ Իսրայելը, չունենալով ընդհանուր սահման Իրաքի հետ, իր ստվերային համակողմանի ներկայությունն ապահովել է այդ երկրի հատկապես հյուսիսային՝ քրդական տարածաշրջանում:
Ներկայումս հրեական խորհրդանիշների կիրառման արգելքը երկրի ամբողջ տարածքում կարելի է պայմանավորել հատկապես Քրդստանի տարածաշրջանում անկախության հանրաքվեի գործընթացին Թել Ավիվի անթաքույց աջակցության, ինչպես նաև քվեարկությանը նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում շրջանի տարբեր բնակավայրերում իսրայելական դրոշի ծածանման դեպքերի հանգամանքներով:

Այսպիսով՝ վերջին շրջանում նաև Իրանի աջակցությամբ երկրի ամբողջ տարածքում էականորեն ամրապնդված Իրաքի դաշնային կառավարությունը սկզբունքային պայքարի մեկնարկն է ազդարարում սեփական տարածքային ամբողջականության խախտման ձախողված փորձին բացահայտ կերպով աջակցած միակ արտաքին դերակատարի՝ Իսրայելի դեմ՝ սկսելով հրեական խորհրդանիշների արգելքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել