Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում՝ ծանոթանալու պիլոտային ծրագրով նոր հրթիռային կայանների տեղադրման աշխատանքներին:

Բանակցությունների արդյունքում ռուսական ընկերությունը նախատեսված 2 հակակարկտային հրթիռային կայանի հետ միասին, որպես նվիրատվություն, տրամադրել է ևս մեկ կայան, արդյունքում՝ երկու «Элия 3» կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ–ից, առաջիկա օրերին կայանները պատրաստ կլինեն գործարկման: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Ռուսական «Անտիգրադ» ընկերության ներկայացուցիչն ԱԻ նախարարին մանրամասն ներկայացրել է հրթիռային կայանի աշխատանքի սկզբունքները:

Հայաստան են ներկրվել նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայաններ: Կրակոցներն իրականացվում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն:

Արտաշավանում գտնվող ռադիոլոկացիոն կայանը ևս համալրվել նորագույն թվային սարքավորումներով, որի շնորհիվ՝ կբարձրանա դրա գործողության կայունությունն ու հուսալիությունը, կապահովի ամպերի պարամետրերի չափման ճշգրտության բարձրացումը, հեռավերահսկողությունն ու կարգաբերումը.  կնվազեն սպասարկման ծախսերը:

Միաժամանակ իրականացվել են համակարգի ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներ (հրթիռների պահպանության համար անհրաժեշտ պահեստների նախապատրաստում, կայանի շենքի վերանորոգում, կայանների տեղադրման վայրերի ուսումնասիրություն և այլն):

Շնորհակալություն հայտնելով իրականացված մեծածավալ աշխատանքի համար՝ նախարար Դ.Տոնոյանը հանձնարարել է ապահովել նաև մասնագետների վերապատրաստումը՝ նորագույն կայանների կառավարումն իրականացնելու համար:

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս իրականացվող պիլոտային ծրագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ ՀՀ մյուս մարզերի մշակովի հողատարածքները ևս առնելով նման կայանների պաշտպանության տակ:

Նշենք, որ համակարգում առկա 2 ռադիոլոկացիոն կայանները կարող են սպասարկել նմանատիպ 36 հրթիռային կայան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել