Վերջին օրերի պոլեմիկայից ելնելով՝ կարելի է թյուրըմբռնման մեջ ընկնել ու համարել, որ տարկետումը (այնպիսին, ինչպիսին այն կա այժմ) մի հրաշք բան է, իսկ միլիտարիզացված հասարակություն ունենալը՝ Հյուսիսային Կորեա դառնալու պես մի մղձավանջ։

Ու խնդիրն այն է, որ ահագին մարդ հավատում է դրան ի խորոց սրտի։ Ոմանք ապրիորի այդպես են կարծում, ոմանք էլ հալած յուղի տեղ մարսում են պոպուլիստների դեմագոգիան։

Կարելի է երկար ծավալվել երկու դրույթների շուրջ էլ, բայց սահմանափակվեմ մեկական հակափաստարկ բերելով՝ մանանա տարկետման ու բոբո միլիտարիզացման վերաբերյալ։

Հարցրեք ձեր շրջապատի ցանկացած ուսանողից, թե որքանով է անվճար սովորողների ցուցակը համապատասխանում իրական ինտելեկտուալ ունակություններին կոնկրետ իրենց ֆակուլտետում, առավել ևս՝ մագիստրատուրայում, որտեղ զարմանալիորեն անվճար սովորողների 90 տոկոսը տղաներ են։ Կարելի է էքստազի մեջ հայտնվել Նիկոլի ու Մարուքյանի վերբալ ժանգլյորությունից կամ կարելի է վերադառնալ իրականություն ու գիտակցել, որ տարկետումը մի բան էլ սպանում է գիտությունը։ Ի վերջո, կարող ենք արձանագրել առնվազն այն, որ շատ տաղանդավոր ու խելացի աղջիկներ զրկվում են լավ գիտնական լինելու շանսից, քանի որ բանակից տարկետում ստանալու համար ոչ այնքան ինտելեկտուալ սաչոկներ կաշառքով ու ծանոթով անվճար տեղերում են թառում, իսկ աղջիկներն էլ չեն շարունակում ուսումը վարձավճարի պատճառով։ Թե չէ տպավորություն է, որ գիտնական դառնալ ցանկացողները միայն տղաներ են, ու միակ բանը, որ իրենց գիտության գրանիտից հեռու է պահում, զինծառայությունն է։ Էլ չխոսեմ այն պարզ փաստի մասին, որ իրական գիտնականն ու պոտենցիալով մարդը բանակից հետո էլ չի կորցնում իր մոտիվացիան ու դառնում է այդպիսին։ Վերջիվերջո, ծառայությունը բամբակ չէ, բայց չմոռանանք, որ մարդիկ նույն Հայրենական պատերազմից էին վերադառնում ու գիտնական դառնում։ Բանակը դարձրիք Գեհենի դարպաս ձեր պոպուլիստական զեղումներում։

Հիմա միլիտարիզացված հասարակություն ունենալու մասին։ Ժողովո՛ւրդ, մենք պահեստազորի խնդիր ունենք ու շատ լուրջ խնդիր։ Առաջիկա մի քանի տարիներին բանակ են գնալու այն թվերի ծնվածները, երբ տարեկան մի 25000 երեխա էր ծնվում, որոնցից կեսը՝ աղջիկ, տղերքի մի մասն էլ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բանակ չի հասնելու։ Միևնույն ժամանակ, թող ոչ մեկի չթվա, որ առաջիկա 50-100 տարում ադրբեջանական սպառնալիքը վերանալու է, ու մենք ֆիզիկական անվտանգության խնդիր չենք ունենալու։ Էդ սպառնալիքի դիմակայման առաջնային նախադրյալն էլ բավարար թվով ու բավական արհեստավարժ պահեստազոր ունենալն է, որովհետև (օ՜, սարսափ) լուրջ էսկալացման դեպքում 800 հեկտարն առավելագույն ծավալը չէ, որ կարող ենք կորցնել, եթե չունենանք անհրաժեշտ քանակությամբ ու պատրաստվածությամբ մարդաքանակ։ Ավելին ասեմ՝ միանգամայն իրական է ռիսկը, որ նույնիսկ զորակոչի բավական լինելու դեպքում դա դեռ հերիք չէ։ Դրա համար էլ ավելի խորը կոնցեպցիա են մշակում, որն ունի տարրեր իսրայելական, ամերիկյան, շվեյցարական, խորհրդային ու հայկական ռազմական մոդելներից, որովհետև խորհրդարանային ճարտասանությունը 4-5 տարվա համար է, իսկ պետության անվտանգության տեսլականն ու դրան հասնելու միջոցները՝ տասնամյակների։

Այնպես որ, հերիք է նվնվաք ու սենտիմենտալ հեքիաթներ պատմեք տան միակ գիտնականի մասին, որը չդարձավ հայկական Իլոն Մասկ զորանոցում կեղտոտ գուլպաների հոտը շնչելուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել