Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները հասկանալու համար պետք է մտնես իրենց մեջ, որպեսզի հասկանաս թե՛ իրենց խնդիրները, թե՛ խնդիրների առաջացման աղբյուրները:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում երիտասարդական հայկական ակումբ էի գնացել: Ճիշտն ասած՝ ի սկզբանե ինձ նախապատրաստել էի տհաճ անակնկալների, որոնց պակասն այդպես էլ չզգացվեց:
Նախ՝ հայկական ակումբ կոչվածում այդպես էլ ոչինչ հայկական չհայտնաբերեցի՝ բացի կորած-մոլորած սենյակներում գավաթների պոչերից կապված եռագույնի գույներով ժապավեններից, որն ինձ ներկայացրեցին իբրև Հայաստանի դրոշի գույներ, և 19-րդ դարի Ստամբուլի տարազների մի քանի հավաքածուից, որը բացարձակ կապ չուներ հայկականի հետ, սակայն իրենք դա ներկայացնում էին որպես հայերի տարազներ: Ամենավիրավորականն ինձ համար, թերևս, այն էր, որ իրենք, լավ իմանալով արևմտահայերեն, ակումբում խոսում էին էին թուքերեն, դեռ մի բան էլ ինձ հանդիմանեցին, որ ես սկզբից չեմ ասել, որ գիտեմ թուրքերեն ու կարող եմ հաղորդակցվել թուրքերենով: Երբ այս իրողության մասին պատմեցի Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատահաբար հանդիպած Պոլսո արդեն նախկին փոխանորդ Արամ արք. Աթեշյանին, նա շատ հանգիստ ինձ պատասխանեց. «Սա Թուրքիան է, որտեղ մենք ապրում ենք ազատ, ունենք մեր իրավունքները և պարտականությունները, ինչպես Թուրքիայի ցանկացած քաղաքացի: Մենք, այո, հայ ենք, քրիստոնյա ենք, Թուրքիայի կառավարությունը մեզ նայում է քաղցր աչքով: Իսկ հայերեն թե թուրքերեն է շփվում երիտասարդությունը, դա արդեն մեր ներքին հարցն է, եկեղեցական բոլոր ծեսերը հայերեն են: Պատարագներին, որոնք նույնպես հայերեն են, հաճախ մասնակցում են թուրք պաշտոնյաներ, որոնք չեն հասկանում հայերեն, սակայն մեզ չեն ասում՝ թուրքերեն կատարեք ծեսը, այնպես որ, տանը կամ ակումբում թուրքերեն շփվելը չեմ համարում ազգակործան գործոն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել