Իրանի նախագահ Հասան Ռուհանին վերջին ելույթներից մեկում նշել է. «Տարածաշրջանում իրանցի ժողովրդի մեծությունը դրսևորվում է, ինչպես երբևէ: Ո՛չ Սիրիայում, ո՛չ Իրաքում, ո՛չ Լիբանանում, ո՛չ Հյուսիսային Աֆրիկայում, ո՛չ Պարսից ծոցի երկրներում չեն ձեռնարկվում գործողություններ, առանց Իրանի մասնակցության»:

Ինչ խոսք, փաստացի դժվար է հակադարձել Իրանի առաջնորդի խոսքերին: Հատկապես վերջին 6 տարիներին Մերձավոր Արևելքում ծավալված գրեթե բոլոր գործընթացներում Իրանն ունեցել է իր ուրույն դերակատարությունը, ինչի արդյունքում ավելի ազդեցիկ և պահանջարկված է դարձել այդ երկրի մասնակցությունը տարածաշրջանի անդորրը խաթարած գրեթե բոլոր հիմնախնդիրների կարգավորման գործում:

Այս իրողությունը քաջ գիտակցում են նաև Թեհրանի հակառակորդներն ու մրցակիցները և՛ Մերձավոր Արևելքում, և՛ նրանից դուրս՝ տարածաշրջանային գործընթացներում սեփական քայլերի առանցքում ամրագրելով քարոզչական, գաղափարական, քաղաքական, իրավական, տնտեսական, հոգեբանական տարաբնույթ միջոցներով Իրանին զսպելու գործելաոճը:

Վերոնշյալ իրողությունները ևս հավաստում են, որ ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանում որոշակի հաջողություն արձանագրող միջազգային հակաահաբեկչական պայքարի պայմաններում, այնպես էլ անգամ դրա հանգուցալուծումից հետո սխալ կլինի ակնկալել խաղաղության ու կայունության վերականգնում Նորագույն պատմության ամենալարված ռեգիոնում: Արդեն մոտ ապագայում տարածաշրջանային գործընթացները թևակոխելու են նոր՝ ռազմավարական, նաև մարտավարական մրցակցության հարթություն, ինչը, չի բացառվում, նաև առանձին պայթյունավտանգ օջախներում կդրսևորվի տարբեր աստիճանի ռազմական սրացումների տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել