Հանրաքվեի անցկացումը, ըստ էության, խաղաքարտ էր Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ձեռքին, որը քրդերը մտադիր էին օգտագործել հետագայում՝ հետճգնաժամային Իրաքում նոր սահմաններ գծելու և նոր կարգավիճակ հաստատելու նպատակով կայանալիք կամ ակնկալվող բանակցությունների ընթացքում: Հանրաքվեի հիմնական նպատակը դա էր: Այս հարցում պարզություն մտավ այն ժամանակ, երբ Մասուդ Բարզանին և Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում անմիջապես հռչակել անկախություն՝ ի կատար ածել հանրաքվեի արդյունքները: Մինչդեռ, ինչպես հանրաքվեին նախորդած և հատկապես հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ քրդերն իրենց հաշվարկներում սխալվել էին, քանի որ չէին հաշվարկել նման դիրքորոշում ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ միջազգային հանրության կողմից: Եվ սա է պատճառը, որ Էրբիլը հայտարարեց, թե պատրաստ է բանակցությունների և պատրաստ է որոշակի ժամանակով հետաձգել անկախության հռչակումը: Ինչպես տեսնում ենք, հանրաքվեի «հաղթաթուղթն» իրեն չի արդարացնում: Իմ խորին համոզմամբ, եթե Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը չգնար հանրաքվեի ճանապարհով և հատկապես անցած 3-4 տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներով նստեր բանակցությունների կենտրոնական կառավարության հետ, անշուշտ, նրա դիրքերն ավելի ամուր կլինեին, իսկ հնարավորությունները՝ շատ ավելի առարկայական, ինչի տրամագծորեն հակառակ պատկերին ենք ականատես լինում այսօր:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել