Ուղիղ մեկ տարի առաջ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Թուրքիային խորապես մտահոգում է շիայական «Հաշդի Շաբի» խմբավորման հնարավոր մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը: Նա բառացիորեն ասել էր. 
«Մտահոգիչ է, որ «Հաշդի Շաբին» կարող է Մոսուլի ազատագրման գործողության մի մասը դառնալ: Հուսանք, որ տարվող դիվանագիտական աշխատանքների արդյունքում կհաջողվի կանխել խմբավորման մասնակցությունը Մոսուլի գործողությանը: Թուրքիայի համար շատ կարևոր է նաև Թելաֆերի ապագան: Կարևոր է, որ Իրաքի բանակը, օգտագործելով թուրքմենական ուժերը, մաքրի Թելաֆերն ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից»:
2016թ.-ի ճիշտ այս օրերին, իսկ ավելի կոնկրետ՝ հոկտեմբերի 17-ին, իրաքյան բանակը քրդական ջոկատների հետ համատեղ սկսեց ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը:
Իսկ նույն թվականի հոկտեմբերի 4-ին Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական զինուժի կողմից իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» համարեց: Անմիջապես հաջորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքըն էլ հայտարարեց, որ, անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից, Թուրքիան կմասնակցի Մոսուլի ազատագրման գործողությանը:
Հենց այդ օրերին էր, որ Թուրքիայի նախագահը, արձագանքելով Իրաքի խորհրդարանի և վարչապետի կողմից իրեն ուղղված քննադատություններին, անձնական վիրավորանքներ հասցրեց Իրաքի վարչապետին:
Հատուկ շեշտեմ նաև, որ այդ ժամանակաշրջանում Թուրքիան Իրաքյան Քրդստանի հետ գտնվում էր եղբայրական հարաբերությունների մեջ, իսկ Բարզանիին Անկարայում ընդունում էր պետության ղեկավարներին հատուկ արարողակարգերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել