Ինչպես շատերն են բնորոշում` «հայկական ռեպի արքա» ՀՏ Հայկոն երեկ «Օգնենք Վանաձորի մանկատանը» երիտասարդական շարժման կամավորների հետ այցելեց Վանաձորի մանկատուն: Որոշ ժամանակ պահանջվեց, որ երեխաները համոզվեն, որ մանկատուն այցելել է նույն ինքը` «իսկական ՀՏ Հայկոն»:  
Անկեղծ ասած` ինքս` Հայկոյին ուղղված բաց նամակի հեղինակս, նման արագ արձագանք  չէի սպասում ռեպերից:
Հայկոն գրելուս նույն օրն արձագանքեց խնդրանքիս, և արդյունքում Վանաձորի մանկատան երեխաներն այսօր ՀՏ Հայկոյին իրենց հարցերն ուղղելու, նրա հետ լուսանկարվելու և ինքնագիր վերցնելու հնարավորություն ունեցան: Հայկոն երեխաներին նվիրեց իր ձայնասկավառակները, երիտասարդները` հագուստ, գրենական պիտույքներ ու խաղալիքներ: Ապա մանկատան երեխաները ներկայացան համերգային ծրագրերով` պարելով, երգելով Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ», «Մարտիկի երգը» և մի շարք այլ երգեր: Հանդիպման ժամանակ երեխաները կիսվեցին իրենց երազանքներով: Դրանք բազմաթիվ էին ու բազմապիսի` 4-ից ու համակարգչից մինչև Սոս Սարգսյանին տեսնելը և լավ ընտանիքում ապրելը:
Մանկատան երեխաների երգելու խնդրանքին ի պատասխան` ՀՏ Հայկոն խոստացավ երկրորդ անգամ այցելել մանկատուն համերգային ծրագրով:
Օբյեկտիվ կդատեմ. օրվա միակ թերությունը դայակներից և վարչական աշխատողներից որոշների կոպիտ վերաբերմունքն էր, ովքեր վայրկյան առաջ իրենց թոռների համար Հայկոյից ձայնասկավառակ խնդրեցին, մենք խլել էինք նրանց հանգստյան օրվա թանկագին 2 ժամը: Հանդիպման ավարտին տնօրենն արդեն տեղում չէր, իսկ փոխտնօրենն էլ Հայկոյի հեռանալուն պես խնդրեց մեզ լքել մանկատան տարածքը` պատճառաբանելով, որ խախտում ենք երեխաների օրակարգը: Վլադիմիրը դիմեց դայակին. «Թողեք՝ 5 րոպե էլ մնան էլի»:
Չնայած ամենին` մենք խոստացանք, որ մեր այցերը հաճախակի են լինելու:
Ծովաչափ շնորհակալ ենք ՀՏ Հայկոյից և նրա ընկերներից` երեխաների օրը տոն դարձնելու և մեծ մարդասիրության համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել