High School Musical-ը` հեքիաթային պարզությամբ ու ջերմությամբ այս կոմեդիա-մելոդրամա-դրամա-մյուզիքլը, կարճ ժամանակում վարձույթի կետերում ամենապահանջվածը դարձավ: Աշխարհի բոլոր ծայրերից դեռահասները սիրեցին ու կլանվեցին այս մյուզիքլով, իսկ ֆիլմի բյուջեն` 4 մլն 200.000 դոլարն այս հարցում հաստատ ոչ մի կապ չունի:
Միջին դպրոցի երկու ուսանող` բասկետբոլի խմբի ավագ, հրապուրիչ Տրոյը և սուսիկ-փուսիկ, գերազանցիկ, գիտության ակումբի նախագահ Գաբրիելան, որոշում են թաքուն մասնակցել երաժշտական մյուզիքլի լսումներին: Շուտով այդ որոշումը հեղաշրջում է կատարում և՛ նրանց կյանքում, և՛ դպրոցում:

Սերը հաղթում է ամենը
Վերջին շրջանում Զաքն ու Վանեսան դարձան արևմտյան ժամանցային պարբերականների ամենաքննարկվող դեմքերից մեկը: Նրանց հարաբերություններին բազմապիսի բնութագրումներ ու սկանդալային վերնագրեր տրվեցին: Բայց սկանդալի ու ասեկոսեների ՙզոհերը՚ չէին էլ թաքցնում իրենց սիրավեպը ու սիրահար աղունիկների պես շարունակում են գուրգուրել իրար հանրային վայրերում: Ժամանակը ցույց տվեց, որ ներդաշնակ ու հմայիչ այս զույգի մասին հրապարակումների մի մասը համապատասխանում է իրականությանը:
Օրինակ` «Teen» ամսագրում Վանեսան անկեղծանում է և խոստովանում, որ Զաքը հիանալի է համբուրվում: Պատմում է, որ իր մայրը ստիպել է Զաքին առաջարկություն անել իրեն: Ինչպես պարզ դարձավ հետո, Զաքը դա արել է աղջկա մորը գոհացնելու համար: Աղբյուրները պատմում են. «Զաքը վերջապես ազատվեց Վանեսայի մոր մշտական ճնշումներից: Նա պահպանողական կին է, ուստի դատապարտում է Զաքի և Վանեսայի միությունը` մինչ դա օրինականացնելը: Զաքը պաշտում է Վանեսային, և նրանց հարաբերությունները հիանալի են»: Սակայն սիրահարների հարսանեկան արարողությունը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին:
Ավելի ուշ ամսագրերը սրտի կաթվածի առիթ տվեցին Վանեսայի և Զաքի երկրպագուներին: «»ժNews of the World» պարբերականը հայտարարեց, որ Զաք Էֆրոնը և Վանեսա Հաջինսը նշանվել են. «Զաքն ու Վանեսան մտադրվել են հարսանեկան արարողությունը կազմակերպել 2010-ին: Հնարավոր է, որ նշանադրության պատճառն այն է, որ Վանեսայի մայրը խիստ է և չի խրախուսում երիտասարդների համատեղ կյանքն առանց օրինական հիմքի: Վանեսայի ընկերուհիներն ասում են, որ չնայած Զաքն իր ընկերուհուն առաջարկություն է արել, սակայն ամուսնական մատանի դեռ չի նվիրել»: Վանեսան անձամբ հաստատել է նշանադրության մասին լուրը. «Մենք դեռ օրը չենք նշանակել, բայց երբ նշանակենք էլ, այն, որքան հնարավոր է, երկար գաղտնի կպահենք, քանի որ հնարավոր է` նկարահանումների պատճառով այն փոփոխվի, ինչից կսկսեն խոսակցություններ պտտվել, թե բաժանվել ենք, իսկ մենք դա չենք ուզում»:
Պատասխան հարվածն իրեն երկար սպասեցնել չտվեց: «People» ամսագրում Զաքը հերքում է ամուսնության մասին լուրերը: «Դա հիմարություն է, ես հաստատ չեմ ամուսնանում և չեմ ամուսնանա, մինչև չհասնեմ 40-ի շեմին, եթե, իհարկե, երբևէ որոշեմ ամուսնանալ: Այդպիսի բան անգամ մտքովս չի անցնում»,- ասել է Զաքը:
Այս ամենից հետո էլ զույգի սիրային լուսանկարները շարունակում են հայտնվել պարբերականներում, ինտերնետ կայքերում ու կարճ ժամանակ անց դառնում են դեռահասների համար ամենաքննարկվող նյութը: Միանգամայն պարզ է, որ զույգը չի կաշկանդվում ու չի մտափոխվում մամուլի անդրադարձներից, չէ՞ որ իրական ու անկեղծ սերը հաղթահարում է ամեն ինչ:

Զաք Էֆրոն
Զաք Էֆրոնը ծնվել է 1987թ.-ի հոկտեմբերի 18-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Լուիս Օբիսպո քաղաքում: Դերասանի կարիերան սկսել է 11 տարեկանում, երբ ծնողներն ուշադրություն դարձրին նրա երգելու վրա: Նրանք Զաքին տարան «Գնչուհին» բեմադրության լսումներին, որտեղ էլ փոքր մի դեր ստացավ: Նա աստիճանաբար առաջ էր գնում դեպի ավելի մեծ դերեր և բեմադրություններ. «Մորաքույր Մեյմը», «Երաժշտություն վաճառողը» (Music Man), «Սարսափների փոքրիկ խանութը»: Ի վերջո, հասավ հեռուստատեսություն և 2004-ին դեր ստացավ ԱՄՆ-ում հայտնի «Մշտական ամառ» սերիալում, որը բեկումնային եղավ նրա կարիերայում: Ճանաչվածության նոր փուլ, որին, սակայն, հաջորդեց ավելի մեծ դեր «High School Musical»-ում: Արդեն 2007-ին հայտնվեց Ջոն Վոթերսի շատ սպասված «Lաք` մազերի համար» մյուզիքլում: 2007թ. հայտնվեց «High School Musical»-ի շարունակությունը: Ֆիլմի երկրորդ մասը նույնպես հաջողություն ունեցավ, և ֆիլմի հեղինակներն անմիջապես ծրագրեցին շարունակությունը: Երկրպագուներն էլ ստիպված չեղան երկար սպասել. 2008-ի հոկտեմբերին եթերում հայտնվեց «High School Musical 3»-ը: Ֆիլմի հաջողությունը կապվում է նաև այն բանի հետ, որ բոլոր երեք մասերում էլ դերասանական կազմն անփոփոխ է:
Երիտասարդ դերասանը մի քանի հոբբի ունի` գոլֆ, դահուկավազք, ժայռեր մագլցել, սնոուբորդ, ինչպես նաև դաշնամուր և կիթառ նվագել: Ունի ավստրալիական երկու գամփռ և սիամական կատու:

Վանեսա Հաջինս
Վանեսա Հաջինսը ծնվել է Ջինա և Գրեգ Հաջինսների ընտանիքում: 8 տարեկանից մասնակցել է թատերական երաժշտական ներկայացումների: Հետագայում ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես, քանի որ Վանեսան հաջողությամբ անցել էր հեռուստատեսային լսումները: Դրանից հետո նա նկարահանվել է «Quintuplets», «Cover Me», «Still Standing» հեռուստասերիալներում և այլ շոուներում: Առաջին ֆիլմերը` «Thirteen» (2003) և «Thunderbirds» (2004) վարձույթի կետերում հաջողություն չունեցան: Վանեսային մեծ ճանաչում բերեց «High School Musical» ֆիլմի գլխավոր` Գաբրիելա Մոնտեզի դերը:
2007թ. սեպտեմբերին Հաջինսի մերկ լուսանկարները հայտնվեցին ինտերնետում: Ավելի ուշ նա դրա համար ներողություն խնդրեց իր երկրպագուներից: Իսկ Disnay Channel ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ Disnay-ը կշարունակի աշխատել Վանեսայի հետ: Նույն տարվա «Teen» ամսագրի հոկտեմբերյան համարում էլ Վանեսան հաստատեց, որ հանդիպում է «High School Musical»-ի իր գործընկերոջ` Զաք Էֆրոնի հետ:




