Զուգարանի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց ցանկացած տուն առանց դրա դժվար է պատկերացնել: Ամեն տարի Զուգարանների միջազգային օրը Սինգապուրում Զուգարանների համաշխարհային կազմակերպությունը ժողով է անցկացնում և աստիճաներ շնորհում տարբեր կարգի զուգարաններին:

Այս տոնը երևի թե ամենայուրօրինակ և ուրախ տոների թվին է պատկանում: Ես կասեի` նաև կարևոր. չէ՞ որ յուրաքանչյուր մարդ միջինն իր կյանքի 3 տարին անցկացնում է զուգարանում: Զուգադիպություն է, թե` ոչ, բայց զուգարանից դուրս գալիս էլ մեծ մասամբ դեմքի ուրախ և թեթևացած արտահայտություն ենք ունենում :)
Աշխարհի որոշ երկրներում զուգարանի այս միջազգային օրը մեծ շուքով են նշում. չէ՞ որ վիճակագրության համաձայն` աշխարհի բնակչության 42%-ը զրկված է մեզ համար տարրական թվացող վայրից: Իսկ Անգլիայում արդեն 15 տարի է` անցկացվում է «Տարվա զուգարան» մրցույթը, որի ընտրությանը մասնակցում է ողջ Անգլիան:
Արտաքնոցի պարագաներ արտադրող մի կազմակերպություն վերջերս հրապարակել է 10 ամենատարածված գործողությունների ցանկը, որոնք մարդիկ սովորաբար անում են զուգարանում: Դրանք են` կարդալ, քնել, երաժշտություն լսել, ֆիզիկական վարժություններ անել, ծխել, լացել, հանգստանալ, պճնվել, մաքուր օդ շնչել :), բանակցություններ վարել բջջայինով: Մեր կողմից ավելացնենք նաև լուսանկարվելը:
Զուգարաններում արված աստղերի լուսանկարներով աշխարհին չես զարմացնի, բայց մեզ համար այս թեման քիչ թե շատ արգելվածների կամ քիչ արծարծվածների շարքին է պատկանում:

Զուգարանների տոնի նախօրեին` հոկտեմբերի 1-ին, տեղի ունեցավ երգչուհի Ջուսի «Kix» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի վրա Ջուսի` զուգարանում արված լուսանկարն է: Չգիտենք, այս տոնն էր ներշնչել երգչուհուն անդրադառնալ այս թեմատիկային, թե` ոչ, բայց նա հաստատ առաջինը չէ:
Ըստ երգչուհու` CD-ի` զուգարանի թղթով ձևավորումը կապված է ձայնասկավառակի անվան հետ` «Kix», այսինքն` սխալ, խոտան: «Պարզապես ուզեցինք օրիգինալ լինել, որովհետև մեզ մոտ նման բան դեռ ոչ ոք չի արել,- նշեց նա և հավելեց,- ձայնասկավառակը լսելուց հետո զուգարանի թուղթը կարելի է օգտագործել ըստ նշանակության»:
Մինչդեռ մեր ամսագրի հավելված «Ես Girl»-ի դեռևս 2008թ. սեպտեմբերյան համարում տպագրվել է երգչուհի Ռիփիի` զուգարանում արված լուսանկարները: Այդ նկարահանումները զուգարանում անցկացնելու գաղափարը ևս մեր ամսագրինն էր, հետևաբար` բոլոր իրավունքներն ունենք ասելու, որ առաջինն ենք նման մտահղացում ունեցել: Ռիփին նշեց, որ լավ է վերաբերվում զուգարանում արված լուսանկարներին, եթե, իհարկե, դրանք գռեհիկ չեն: «Դրանք օրիգինալ են, կարծում եմ` կարող են շատ գեղեցիկ լինել: Իսկ Ջուսի նոր ձայնասկավառակին ընդհանրապես ծանոթ չեմ` չնայած նրան շատ եմ հավանում, բայց զուգարանակոնքի վրա արված նրա լուսանկարները չեմ տեսել: Կարծում եմ` Ջուսը ուղղակի դեռ ծանոթ չէ իմ լուսանկարներին, որպես Հայաստանում մինչ իրենը արված նկարների»,- նշեց երգչուհին:

Բացի այդ, 2009թ. էլ Հայաստանում այն ժամանակ քիչ թե շատ հայտնիների շարքում զուգարանում` անմիջապես զուգարանակոնքի վրա, առաջին լուսանկարը կրկին արվել և տպագրվել է մեր ամսագրի կողմից` «Ալֆրեդի սենյակ» նախագծի նկարահանումների ժամանակ: Լուսանկարում ռեփեր Snake-ն է (նրա նախաձեռնությամբ էլ այն արվել է), ում ասելով` մանկուց սիրել է լուսանկարվել զուգարաններում:
«16 տարեկանից սկսած ունեմ զուգարանակոնքին արված լուսանկարներ: Ընդհանրապես, ես զուգարանին սպիտակ քար եմ ասում, որովհետև բացի զուգարան լինելուց, այն երբեմն կարող է լավ «ընկեր»դառնալ: Ընդհանրապես, զուգարանում երկար ժամանակ եմ անցկացնում. կարդում եմ, երգ եմ գրում: Եթե զուգարանում արված լուսանկարները գռեհիկ և սխալ չլինեն, կարող են նույնիսկ գեղեցիկ լինել»,- կարծում է ռեփերը:



