«Մի հատ համբերենք` ընտրությունները անցնեն, տեսնենք` մեր քաղաքացիները ում են տալիս իրենց ձայները, այսօր այդ խնդիրը չկա, զարմանում եմ, որ այսօր այդ հարցը տալիս եք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է ընտրություններից հետո ավագանու կազմում հայտնված կուսակցությունների հետ կոալիցիա կազմեն:

Մեկնաբանելով այն խոսակցությունները, որ քարոզարշավի ընթացքում շեշտադրվում է Մարգարյանը և ոչ թե ավագանու մյուս անդամները` Մարգարյանը նշեց. «Քանի որ գործող քաղաքապետը ես եմ, և նաև Հանրապետական կուսակցության ցուցակն եմ գլխավորում, դա է պատճառը, և դա անհանգստության առիթ չի տալիս»:

Լրագրողները Տարոն Մարգարյանին հարցրին՝ իր վարկանիշը բա՞րձր է: «Ով վարկանիշներով է զբաղվում, նրան էլ հարցրեք: Եթե բոլորով իմ դեմ են միացել աշխատելու, ուրեմն իմ վարկանիշը  ու շանսերը բարձր են»,-շեշտեց Մարգարյանը:

Ինչ վերաբերում է քաղաքապետի հասցեին ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին, թե նա ատկատներով է զբաղվում, Մարգարյանն արձագանքեց. «Ինձ թվում է` պետք է ընդդիմությունից հարցնեք,-ժպտաց ու հավելեց,-ամոթ են նման խոսակցությունները, եթե նման խնդիրներ կան, եթե նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահներին:

Ես պարզ ճակատով եմ մեր բնակիչների հետ շփվում, թող այն մարդիկ մտածեն, ովքեր չեն կարողանում քաղաքացու աչքերին ու երեսին նայել: Մոռացե՞լ եք` տասնյակ տարիներ շարունակ էս ժողովրդի գլխին ինչ են բերել»:

Իսկ ինչպես է վերաբերում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ պետք է պայքարել ՀՀԿ-ի դեմ և ոչ թե հենց Տարոն Մարգարյանի, ում նա համակարգի «խամաճիկ» էր անվանել, Մարգարյանն ասաց. «Ամեն մարդ որ խոսում է, թող իր մասին առաջինը մտածի, հայելու մեջ նայի իրեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել